Վախճանվել է Հակոբ Հակոբյանը

Այս գիշեր վախճանվել է նկարիչ Հակոբ Հակոբյանը: Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ. մայիսի 24-ին, Ալեքսանդրիայում: Ուսանել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54): Հայրենիքում նրա մասին տեղեկացել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների չորրորդ համաշխարհային փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), Եգիպտական արդի արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալեներին (1959, 1961): 1962թ. ընտանիքով հայրենադարձել է Հայաստան:

Հակոբ Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են: Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդհանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։

Հակոբյանի առավել հայտնի ստեղծագործություններից են «Կինը խոհանոցում» (1959), «Սխտորներ» (1961), «Վիշտ» (1961), «Դերձակը» (1962), «Գարուն» (1969), «Անդորր» (1970), «Մալիշկա գյուղը» (1970), «Ջրանցքի մոտ» (1972), «Իմ արվեստանոցը» (1983), «Սումգայիթ»(1989), «Գործիքներ» (1998), «Հանրապետության հրապարակ» (2001), «Բուժքույրը» (2003), «Վիրուսներ» (2003), «Դեր Զորում զոհված մեծ հորս՝ Սարգիս Եսայանի հիշատակին» (2004) կտավները:

Հակոբ Հակոբյանը ՀԽՍՀ Պետական մրցանակների (1977, 1985), «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակի (1994), ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանի (1996), Հայ եկեղեցու Ս.Սահակ–Ս. Մեսրոպ շքանշանի (2003) դափնեկիր էր և Երևանի պատվավոր քաղաքացի (2001):

(Լուսանկարը՝ Վիկիպեդիայից):

Մեկնաբանել