Հայաստանը ներդրողների հետ կհանդիպի ԱՄՆ-ում և Բրիտանիայում

Հայաստանը, նախքան եվրապարտատոմսեր թողարկելու մեկնարկը, գալիք շաբաթ նախատեսում է հանդիպումներ կազմակերպել ներդրողների հետ, հաղորդում է Reuters-ը: Ըստ գործակալության՝ հայկական պատվիրակության ներկայացուցիչները սեպտեմբերի 10-ից 13-ը համապաստախանաբար ներդրողների հետ հանդիպումներ կունենան Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բոստոնում և Լոնդոնում։

Թողարկվող պարտատոմսերի ծավալը պայմանավորված կլինի շուկայական պայմաններից։

Կառավարությունն այս տարվա մայիսի 16-ին հաստատել էր միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգը: Ծրագրվում է, որ պարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալը կլինի $500 մլն, իսկ շրջանառության ժամկետը՝ 10 տարի: Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով Հայաստանի կառավարությունը միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքել Cleary Gottlieb Steen & Hamilton LLC ընկերության հետ:

ՍիվիլՆեթի հարցմանը ՀՀ ֆինանսների նախարարությունում պատասխանեցին, որ ներդրողների հետ հանդիպումների լուրի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս:

Մեկնաբանել