Ծառուկյանի տարածքները հսկող ոստիկաններն ազատվել են աշխատանքից

6 ararat cement_DSC3121Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակիցներ, որոնք հսկում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների անվտանգությունը, վերջին օրերին ազատվել են աշխատանքից: Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում չհերքեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում:

Մամուլի ծառայությունում հորդորեցին այդ ազատումները դիտարկել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում: «Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում պետական պահպանության գլխավոր վարչությունում մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը»,- ասացին ոստիկանությունում:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ։ Նույն օրը Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ծառուկյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ փետրվարի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ազատվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից: Բացի այդ` Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին` ստուգելու Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեության տակ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:

Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։ Նույն օրը նա առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Փետրվարի 15-ին կայացել է երեք կուսակցությունների առաջնորդների հանդիպումը և որոշվել է փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին Ազատության հրապարակում անցկացնել ոչ իշխանական եռյակի հանրահավաք:

Մեկնաբանել