Հայաստանը գնալով վերածվում է ոստիկանապետության․ Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է 2016թ․ «Մարդու իրավունքները Հայաստանում» տարեկան զեկույցը: Զեկույցում անդրադարձ կա «Սասնա ծռեր» խմբավորման օրերին ոստիկանության գործողություններին, մարդու իրավունքների խախտումներին։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նշում է, որ Հայաստանը գնալով վերածվում է ոստիկանական պետության, քանի որ հուլիսյան դեպքերի ժամանակ օրենքով չի հայտարարվել արտակարգ դրություն, ոստիկանության կողմից խախտվել են մի շարք իրավունքներ և օրենքներ: Զեկույցից առանձին հատվածներ ներկայացված են ստորև։

Ընտրական իրավունք

ԸՕ-ի փոփոխություններին զուգահեռ,առաջարկություններ եղան փոփոխություններ կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական խախտումների վերաբերյալ հոդվածներում: 2016 թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովում քննարկվեց ընտրակեղծիքի մասին սուտ մատնության քրեականացման հարցը, որի շուրջ ԱԺ հինգ խմբակցությունների (ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ և ՀԱԿ) ձեռք բերված համաձայնությամբ նախատեսվում է սահմանել 200-800 հազար դրամ տուգանք կամ մինչև 2 տարի ազատազրկում ինչպես դիտավորյալ, այնպես էլ անփութությամբ կատարված արարքի համար 10:

Սույն դրույթը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ընտրակեղծիք նկատած անձը կամ դիտորդը կզգուշանա այդ մասին հայտնել, հաշվի առնելով Հայաստանի դատաիրավական համակարգի ոչ անկախ լինելը: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը գնում է ոչ թե ընտրական գործընթացները բարելավելու, այլ հանրությանը լռեցնելու ճանապարհով:

Խոսքի ազատության իրավունք

Բազմաթիվ բռնությունների և մասնագիտական գործունեության խոչընդոտումների փաստերը վկայում են, որ լրագրողները հաճախ աշխատում էին անբարենպաստ պայմաններում: Երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի լարվածությունը, պայմանավորված «Սասնա ծռեր» խմբավորման` ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմամբ ու դրան հաջորդած ցույցերով ու բախումներով, զուգորդվեց ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնություններով և օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով:

Խոշտանգումներ, բռնություններ

2016թ.գրանցվել են մի շարք անձանց նկատմամբ ոստիկանության աշխատողների կողմից կիրառվել է բռնություն և վատ վերաբերմունք, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահումներ և հավաքների վայրերից քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ բռնություններ կիրառելու բազմաթիվ դեպքեր:

Քրեակատարողական համակարգ

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տարիներ շարունակ խնդիր է մնում գերբնակեցումը: Հատկապես իրավիճակը ծանր է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 8 անձի համար սահմանված խցերում բնակվում են մինչև 15 և ավելի անձինք:

ՔԿՀ-ներում առկա են հիերարխիկ հարաբերություններ, հատուկ միջոցների կիրառման քողի տակ անձանց նկատմամբ կիրառվում են բռնություններ, խոցելի խմբեր նկատմամբ դրսևորվում է խտրական վերաբերմունք և այլն:

Բանակ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն` 2016 թվականին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել են 162 ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, ինչպես նաև քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: 2016 թ. ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաև Թալիշում 4

քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր: 2016 թվականի մահվան 162 դեպքերից 77-ը` ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահվան մյուս 85 դեպքերից 34-ը` հրադադարի ռեժիմի խախտման, 19-ը` դժբախտ պատահարի, 13-ը` սպանության, 13-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 4-ը` մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը` առողջական խնդիրների հետևանքով:

Քաղաքական հետապնդումներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում են քաղաքական հայացքների համար քողարկված հետապնդումներ: Այսպես. 2016 թ. դեկտեմբերի 12-ին հանրահայտ երաժիշտ Վահան Արծրունուն ԱԱԾ-ից հեռախոսազանգով հրավիրել են զրույցի: Վ.Արծրունու խոսքով` ԱԱԾ-ում նրան մի քանի հարց են ուղղել` կապված «Հիմնադիր խորհրդարանի» հետ կապ ունենալու, Երևանի Խորենացու փողոցում հուլիսին տեղի ունեցած հավաքներին մասնակցելու, ինչպես նաև իր եկամուտների վերաբերյալ: ԱԱԾ-ի գործողությունները Վ.Արծրունին մեկնաբանել էր որպես քաղաքական ճնշում իր ընդդիմադիր հայացքների համար:

Խղճի և կրոնի ազատություն

Հայաստանյայց առաքելական եկեղեցին Հայաստանի անկախությունից ի վեր փորձում է ավելի մեծ դերակատարություն ստանձնել պետության և հանրության կյանքում, ինչը վերածվել է պետական քաղաքականության: Եկեղեցու և պետության սերտաճումը ավելի ցայտուն է արտահայտվում զինված ուժերում և հանրակրթության ոլորտում:

Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներ

Ներառական կրթություն իրականացնող մի շարք դպրոցներում ներառականությունը հիմնականում սահմանափակվում է միայն թեքահարթակների տեղադրմամբ, այնինչ ներառական դպրոցները պետք է ամբողջովին հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Կանանց իրավունքներ

Կանանց նկատմամբ բռնություններին վերաբերող փաստական հանգամանքները դժվար հասանելի են իրավապահ համակարգին, քանի որ հանրությունում տարածված է դրանց մասին չբարձրաձայնելը, իսկ տվյալների հասանելիության դեպքում սպանությունների և դրանց նախորդող բռնությունների միջև կապը հաճախ չի հաստատվում` բռնությունների դեպքերի փաստաթղթավորված չլինելու կամ բժշկական փորձաքննությունների արդյունքներում արտացոլված չլինելու պատճառով: Հաճախ մահվան սպառնալիքները և այլ նախազգուշական նշաններն անտեսվում են, քանի որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չունեն համապատասխան հմտություններ կամ չեն ցանկանում պատշաճ գնահատել ռիսկերը:

ԼԳԲՏ անձանց իրավունքներ

2016թ. ԼԳԲՏ անձանց նկատմամբ` վերջիններիս սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության 63 հիմքով խտրականությունն ու դրանով պայմանավորված այլ իրավախախտումները շարունակվել են:

2016 թ. անձանց սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության նկատմամբ ԼԳԲՏ անձանց իրավունքներ խտրականության և ատելության հիմքով իրավախախտումներ արձանագրվել են տարբեր ոլորտներում` աշխատանքային իրավահարաբերություններում, զինված ուժերում, հանրային ծառայություններից օգտվելու դեպքերում, կրթական հաստատություններում և այլն:

Զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:

Մեկնաբանել