Ալիևը պնդում է, թե «պատերազմը չի ավարտվել, միայն դրա առաջին փուլը»

Հայաստանի նոր ղեկավարությունը ցանկացել է փոխել բանակցությունների ձևաչափը, սակայն Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը թույլ չի տվել դա․ այսօր զորամասերից մեկում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։ Մեր հողերը նվաճել է Հայաստանը։ Հետևաբար բանակցությունները պետք է ընթանան երկու երկրների միջև։ Վերջին՝ Վիեննայի հանդիպումը կարևոր էր նաև այն առումով, որ ևս մեկ անգամ հաստատեց գոյություն ունեցող ձևաչափը»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Իլհամ Ալիևը 2016-ի ապրիլյան մարտերը անվանել է երկրի պատմության «փառահեղ էջ» և «պատմական հաղթանակ», երբ «ազատագրվել են հազարավոր հեկտարներ»։

Ալիևը հավելել է, որ «Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտել, ավարտված է միայն դրա առաջին փուլը»։

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում»,- ասել է Ալիևը։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը և սահմանային իրավիճակին վերաբերող հարցադրման առնչությամբ երկրի վարչապետն ասել է. «Բանակցային գործընթացը, խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրեր առաջ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը վերաբերող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից, որովհետև ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը: Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր․ «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։ Նրա խոսքով՝ «ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ»: Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:

Կարդացե՛ք՝

Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել