Հայաստանում արգելված չեն սեռական ոտնձգություններն աշխատավայրում․ ինչո՞ւ

«Արժանապատիվ աշխատանք» անվանումով օգտատերը www.list.am կայքով փնտրում է 17-35 տարեկան, բարետես արտաքինով, գեղեցիկ կազմվածքով, առանց կոպլեքսների, անկաշկանդ շփվող, ազատ մտածելակերպով կանանց և աղջիկների՝ տնօրենի անձնական քարտուղարուհու աշխատանքի համար:

Այս հայտարարության նկարագրությունից արդեն իսկ ակնհայտ է, որ տնօրենն իր «անձնական քարտուղարուհուց» ակնկալում է նաև անձնական բնույթի ծառայություններ, և որ վերջինիս դիտարկելու է ոչ թե որպես վարչական աշխատող, այլ որպես սեռական օբյեկտ: Նման պահանջների կանայք հաճախ բախվում են վերադասների կողմից նաև աշխատանքային գործունեության տարբեր փուլերում և կանգնում են աշխատանքը կորցնելու կամ առաջարկվող պայմաններն ընդունելու երկընտրանքի առջև:

ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածով երաշխավորված է յուրաքանչյուրի՝ արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը: Արդյոք վերոնշյալ պայմաններում աշխատանքը կարո՞ղ է համարվել արժանապատիվ:

Արժանապատիվ աշխատանքային պայմանների վերաբերյալ կանանց և տղամարդկանց ընկալումների տարբերությանն առաջին անգամ հետազոտողներն ու իրավաբաններն անդրադարձան 1970-ական թվականներին: Լայնամասշտաբ սոցիոլոգիական և իրավական հետազոտությունները հիմնավորեցին, որ աշխատանքային միջավայրը կանանց համար նվաստացուցիչ և նույնիսկ թշնամական է դառնում, երբ պարբերական բնույթ են կրում վերադասի կողմից արվող սեռական բնույթի առաջարկները, կնոջ մարմնին անցանկալի հպումները, պարբերաբար կրկնվող սեռական բնույթի ռեպլիկները: Թեև կանանց արձագանքն այս իրավիճակներում կարող է լինել տարբեր (մի մասը կարող են կտրուկ արձագանքել, մյուսները՝ փորձել կատակի տալ կամ ամաչել պատասխանելուց), սակայն նվաստացած լինելու զգացում ունենում են բոլորը:

Այդ ժամանակ առաջին անգամ կիրառության մեջ մտավ «սեռական ոտնձգություն» արտահայտությունը՝ որպես կանանց բացասական փորձառությունը նկարագրող եզրույթ: 1980-ականներին ԱՄՆ-ում և Եվրոպայում նույնիսկ ամենապահպանողական դատարանները ճանաչեցին սեռական ոտնձգությունների խտրական և նվաստացուցիչ բնույթը, իսկ օրենսդիրներն ամրագրեցին դրանք կանխարգելող, արգելող ու պատժող մեխանիզմներ:

Ներկայում «սեռական ոտնձգություններն աշխատավայրում» արգելված են աշխարհի պետությունների 75 տոկոս օրենսդրություններում: Եզրույթի ամենաամբողջական սահմանումն ամրագրված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 190 կոնվենցիայում: Կոնվենցիան առանձնացնում է սեռական ոտնձգության երկու տեսակ․

  • Quid pro quo (լատիներենից թարգմանաբար՝ ծառայություն ծառայության դիմաց)․ երբ գործատուն, վերադասը կամ այլ աշխատակից պարբերաբար անում է սեռական բնույթի առաջարկներ, որոնք չընդունելու դեպքում անձին կարող են մերժել աշխատանքի ընդունել, նա կարող է կորցնել աշխատանքը կամ պաշտոնի բարձրացման վաստակած հնարավորությունը:
  • Անբարենպաստ աշխատանքային միջավայր ստեղծող ոտնձգություն, երբ սեռական բնույթի անցանկալի վարքագիծը խանգարում է աշխատանքը կամ ստեղծում է անբարենպաստ կամ նվաստացուցիչ աշխատանքային միջավայր: Այս տեսակը ներառում է մարմնի ու արտաքին տեսքի մասին անցանկալի մեկնաբանություններն ու անցանկալի հպումները մարմնի տարբեր մասերին:

Հայաստանյան հասարակությունում սեռական ոտնձգությունների մասին հիշատակումներ կան դեռևս 1990-ականներից: Այսպես, 1999թ․ հրապարակված հոդվածում հեղինակը նշում է դեպքի մասին, երբ իր ծանոթ կնոջն ազատել են աշխատանքից՝ ղեկավարի հետ ընթրիքի գնալուց հրաժարվելու համար: 2000-ականներից խնդրի առկայության մասին տարիներ շարունակ խոսել են ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացրել են սահմանափակ թվով հետազոտություններ այս մասով:

2022թ․ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հարցվածների 42,7 տոկոսն իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է սեռական ոտնձգության որևէ տեսակի, իսկ 42,2 տոկոսը հաղորդել է, որ ոտնձգության ենթարկվել են նաև իրենց գործընկերները: Նրանց 55,8 տոկոսը նշել է, որ իրենց հետ պատահած դեպքից հետո սեփական նախաձեռնությամբ ազատվել են աշխատանքից, իսկ 9,6 տոկոսին աշխատանքից ազատել է գործատուն: Հարցմանը հաջորդած ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ կանայք նշել են գործարաններում աշխատող աղքատ կանանց գրպանները ստուգելիս պարբերաբար իրականացվող հպումների, սպասարկման ոլորտում աշխատողների նկատմամբ պարբերաբար հնչող սեռական բնույթի առաջարկների և այլ դեպքերի մասին:

Չնայած երևույթի տարածվածությանը՝ ՀՀ-ն աշխարհի քիչ երկրներից է, որտեղ աշխատավայրում սեռական ոտնձգությունները կարգավորում չունեն: Դրանք օրենսդրորեն արգելված չեն, չկա սահմանված որևէ պատասխանատվության միջոց կամ կանխարգելման մեխանիզմ: Աշխատավայրում սեռական ոտնձգության ենթարկվող կանայք իրենց պաշտպանված չեն զգում օրենքի առջև․ չկա որևէ պետական մարմին, որին կինը կարող է դիմել նման իրավիճակում և ակնկալել աջակցություն:

ԱՄԿ փորձագետների կոմիտեն ՀՀ կողմից վավերացված ԱՄԿ 111 կոնվենցիայի վերաբերյալ 2016թ․ ՀՀ կառավարությանն ուղղված իր ուղիղ հարցմամբ խորհուրդ է տվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել՝ սահմանելով սեռական ոտնձգության հասկացությունը, դրա արգելքը և պատժի մեխանիզմները: Նման պարտավորություն Հայաստանն ստանձնել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Այս տարվա հունվարի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որը շուտով կքննարկվի Ազգային ժողովում: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ջանքերով նախագծում ներառվեց նաև աշխատավայրում սեռական ոտնձգությունների սահմանումն ու արգելքը, որը, սակայն բարելավման և հստակեցման կարիք ունի: Միայն խնդրի լիարժեք իրավական կարգավորումը թույլ կտա կանանց բարձրաձայնել դեպքերի մասին, օրենքի ուժով պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ կանանց համար:

Նվարդ Փիլիպոսյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ իրավաբան

Մեկնաբանել