Հարցերի գերակշիռ մասի հետ կապված ԲՀԿ-ի հետ ունենք ընդհանուր մոտեցումներ. ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ

«Բարգավաճ Հայաստան» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության առաջին քաղաքական խորհրդակցությունը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու շուրջ ավարտված է:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ով Արմեն Ռուստամյանի հետ մասնակցել է հանդիպմանը, ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քննարկումն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում:

«Քննարկել ենք մոտեցումները և պատկերացումները: Հարցերի գերակշիռ մասի հետ կապված ունենք ընդհանուր մոտեցումներ, պատկերացումներ և կարծում ենք՝ սա լավ հիմք կլինի հետագա հնարավոր համագործակցությունը խորացնելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»,- ասաց նա:

Համբարձումյանը նաև հավելեց, որ քննարկումների այս փուլում կողմերը կարևորել են խնդիրները ճիշտ ձևակերպելու, հանրությանը հետաքրքրող հարցերը ճիշտ ձևաչափի բերելու խնդիրը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում, ասաց, որ այս քննարկումով ճիշտ մեկնարկ է տրված.

«Թերևս կոնկրետ որշումներ չկան, բայց առնվազն մի պայմանավորվածություն կա առ այն, որ առայժ մենք խոսելու ենք օրակարգային հարցերի մասին, ոչ թե թեկնածուների: Դա կլինի հետագայի խնդիր»:

Նա նաև նշեց, որ եթե օրակարգային հարցերի շուրջ քաղաքական ուժերի միջև կոնսոլիդացիա լինի, հետագայում ավելի հեշտ կլինի միասնական թեկնածու առաջադրելու հարցը, եթե այդպիսի խնդիր դրվի:

ՀՅԴ-ԲՀԿ քաղաքական հաջորդ կոնսուլտացիաները կլինեն մեկ շաբաթից:

Մեկնաբանել