ՀԿ-ները պահանջում են վերահաստատել հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ

«Թրանսփերենսի ինտերնեյշնլ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Իրավունքի գերակայություն», «Իրավունքի Եվրոպա միավորում» «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները հաղորդագրություն են տարածել, որում ողջունում են ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված քաղաքական ուժերի նախաձեռնությունը և կոչ են անում ԱԺ խմբակցություններին իրենց կողմից ներկայացվող առաջարկությունների հետ մեկտեղ քննարկել նաև քաղաքացիական հասարակության կողմից մշակված առաջարկությունները:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հայաստանում ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են բազմապիսի իրավախախտումներով, ինչի կապակցությամբ կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացների և դրանց արդյունքում ընտրված ճանաչվող մարմինների լեգիտիմությունը: Մինչդեռ քաղաքացիների կողմից ընտրությունների օրինավորության ընդունումը ծայրահեղ կարևոր է երկրում ծավալվող քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների արդյունավետության ապահովման տեսանկյունից:

2013թ. փետրվարին Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ինչի կապակցությամբ արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքներ քաղաքական ուժերի շրջանում և, ի թիվս այլ քայլերի, առաջարկվում են փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում:

Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև երկրում տեղ գտնող ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է ոչ պատշաճ իրավակիրառ պրակտիկայով, ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող հիմնական մեխանիզմները թաքնված են հենց ՀՀ ընտրական օրենսգրքում: Դրանք են, մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահումը, ուռճացված ընտրացուցակներն ու քվեարկության գործընթացների փաստացի խաթարումը, որոնք «պաշտպանված» են ընտրական օրենսդրությամբ և, ուստի, կասկածի տակ կարող են դնել առկա պայմաններով անցկացվող ցանկացած ընտրությունների արդյունքները:

Ելնելով վերոնշյալից` մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, ողջունում ենք ՀՀ ընտրական օրենսգրքում և առնչվող այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված քաղաքական ուժերի նախաձեռնությունը և կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցություններին իրենց կողմից ներկայացվող առաջարկությունների հետ մեկտեղ քննարկել նաև քաղաքացիական հասարակության կողմից մշակված առաջարկությունները:

Ակնկալում ենք, որ խորհրդարանական պրոֆեսիոնալ քննարկումների արդյունքում էապես կշտկվեն ընտրական օրենսդրության հիմնական թերությունները:

Գտնում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեն կոնկրետ և հրատապ միջոցառումներ` վերահաստատելու հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ և ցուցաբերեն քաղաքական կամք` կազմակերպելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` սկսած 2013թ. փետրվարի նախագահական ընտրություններից»:

Մեկնաբանել