«Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն քննարկել են համագործակցության ձևաչափը

Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու օրակարգով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի շենքում երեկ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ ներկայացուցիչների միջև. հաղորդում է Yerkir.am-ը: ՀՅԴ-ից քննարկմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը և Հովսեփ Խուրշուդյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը:

Թեև ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները ևս կողմ են միասնական ցուցակին, սակայն այդ կուսակցությունը չի մասնակցել հանդիպմանը: Տարածվել են լուրեր, թե՝ ՀԱԿ-ի մասնակցությանը դեմ է եղել «Ժառանգությունը»:

«Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը «սխալ» է որակել տեղեկությունները, թե իրենք դեմ են ՀԱԿ-ի մասնակցությանը: «Մենք չենք եղել այդ հանդիպման նախաձեռնողը և չեմ կարող ասել, թե ինչու չի մասնակցել ՀԱԿ-ը: Մենք բաց ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության համար: Երկրորդ օրն է, որ նույն ՀԱԿ-ի հետ մենք բանակցությունների մեջ ենք համագործակցության ձևաչափերի ճշգրտման օրակարգով»,- ասել է նա:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Աղվան Վարդանյանն էլ նշել է. «Քանի որ նախնական կոնսուլտացիաներ կային հենց այդ երեք ուժերի միջև, այս փուլում այս ֆորմատով է հանդիպումը կայացել»: Աղվան վարդանյանի խոսքերով, ՀԱԿ-ի պարագայում կա որոշ անորոշություն. նախկինը գոյություն չունի, նորը դեռ կազմակերպված չէ: ՀԱԿ-ի հետ հանդիպում ևս կլինի անհրաժեշտության դեպքում: «Մենք ասել ենք, որ կողմ ենք ոչ իշխանական ուժերի համախմբմանը», – ասել է Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամը նշել է, որ վերջնական որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվելու են:

Մեկնաբանել