Ոչ ադեկվատ կեցվածք

Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ներքաղաքական լուրջ ճգնաժամ կա, որը խորացման միտում ունի: Փետրվարի 18-ի ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի է նստած Ազատության հրապարակում: Իսկ մինչ հացադուլը հանրապետության մեծ ու փոքր քաղաքներում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային շրջագայությունը ցույց տվեց, որ տեղերում հակաիշխանական տրամադրությունները հասել են գագաթնակետին:
Այլապես Րաֆֆի Հովհաննիսյանին չէր հաջողվի առանց լուրջ ջանքերի բազմահազարանոց հանրահավաքներ անել, օրինակ, Գյումրիում, Վանաձորում կամ Կապանում:
Սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը հետևողականորեն խուսափում է երկխոսության մեջ մտնել հասարակության հետ և հրապարակային իր կարծիքը հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին: Միգուցե ՀՀԿ առաջնորդը կարողանա համոզել, որ 58-տոկոսանոց պաշտոնական վստահության քվեն միանգամայն իրատեսակա՞ն է:

Ի վերջո, ժողովուրդը կցանկանար անձամբ Սերժ Սարգսյանից լսել, թե ինչպես է իշխանությունը պատկերացնում ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ինչպիսի վերադասավորումներ են սպասվում իշխանական բուրգում և այլն: Սակայն Սերժ Սարգսյանը գերադասում է լռել և հասարակության հետ խոսել Գալուստ Սահակյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի և նման այլ գործիչների միջոցով: Այս մոտեցումը ուղղակիորեն նպաստում է հակաիշխանական տրամադրությունների աճին:

Ավելին՝ ճգնաժամային իրավիճակում ներիշխանական փոխատեղումները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը բացարձակապես ոչ ադեկվատ է ստեղծված իրավիճակում: Ներքաղաքական այս թոհուբոհի մեջ իր փեսա Միքայել Մինասյանին Վատիկանում դեսպան նշանակելը դրա վառ վկայությունն է: Մինասյանը հանրության շրջանում, մեղմ ասած, առանձնապես չի փայլում իր լավ իմիջով և լավագույնս արտացոլում է իշխանության և նախագահի ընտանիքի սերտաճումը բիզնեսին:

Տպավորություն է, որ իշխանությունը չի գիտակցում երկրում ստեղծված իրավիճակի ամբողջ լրջությունը և որևէ քայլ չի ձեռնարկում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: Իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի միակ ռեսուրսը շարունակում են մնալ ստվերային պայմանավորվածությունները և բանակցությունները: Գոյություն ունի համոզվածություն, որ քաղաքական ուժերի և հիմնական դերակատարների հետ խնդիրները կարգավորելուց հետո այլևս իշխանությունը անհանգստանալու կարիք չի ունենա, սակայն այս մոտեցումը որևէ կերպ հիմնավորված համարել չի կարելի:

Մեկնաբանել