Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները Սերժ Սարգսյանին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` մարտի 22-ին, Ազատության հրապարակում ներկայացրեց իր առաջարկները գործող նախագահ Սերժ Սարգսյանին և հայտարարեց, որ դրանք պայմանագրի տեսքով կուղարկվեն նախագահական նստավայր:

Հովհաննիսյանն ասաց, որ իր առաջարկների ընդունման դեպքում Սերժ Սարգսյանին հնարավորություն կտրվի «գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ` դե ֆակտո շարունակել մնալ նախագահի պաշտոնում»:

«Ժառանգության» ղեկավարի առաջարկներից առաջինը վերաբերում էր նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացմանը: Որպես այլընտրանք առաջարկվում էր Բ տարբերակը` խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպում, որը մի շարք կետեր էր ներառում: Առաջին կետով առաջարկվում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ամբողջությամբ հրաժարվել մեծամասնական ընտրական համակարգից, ընտրությունների ավարտից հետո հրապարակել ընտրողների ցուցակները, վերականգնել քաղաքական կուսակցական սկզբունքն ընտրական հանձնաժողովների համար, ապահովել ՀՀ քաղաքացիների քվեարկության իրավունքը:

Երկրորդ կետի համաձայն` պահանջվում է առնվազն հինգ մարզպետների աշխատանքից ազատում և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց նշանակում:

Երրորդ` հիմնական ընտրակեղծարար քաղաքապետների և գյուղապետների աշխատանքից ազատում:

Չորրորդ` բոլոր ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկում:

Հինգերորդ` կառավարության և ծառայության ղեկավարների թվից ղեկավարների նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց: Մասնավորապես` առաջարկվում է փոխել հետևյալ կառույցների ղեկավարներին`

  1. Գլխավոր դատախազություն
  2. Հարկային և մաքսային ծառայություն
  3. Ազգային անվտանգության ծառայություն
  4. Արտաքին գործերի նախարարություն
  5. Կրթության և գիտության նախարարություն
  6. Վերստուգիչ պալատ
  7. Արդարադատության խորհուրդ
  8. Հակակոռուպցիոն հանձնաժողով

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր ընթերցած պայմանագիրն անբաժանել է և ենթակա երկուստեք ստորագրման: Պայմանագրի դրույթներն անբեկանալի են մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը, ընդգծեց նա:

Մեկնաբանել