Սարկոզիի նկատմամբ քրեական գործը հնարավոր է՝ փակվի

Քրեական գործը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ, որին կասկածում են L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրի առողջական վիճակը չարաշահելու մեջ, հնարավոր է՝ փակվի հանցակազմի բացակայության պատճառով, հաղորդում է ֆրանսիական Le Parisien պարբերականը։

Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ համապատասխան առաջարկ է պարունակում Բորդոյի դատախազության զեկույցը, որը գլխավոր դատախազության միջոցով փոխանցվել է արդարադտության նախարարությանը։

Այսպես կոչված Բետանկուրի գործի հետաքննությունը սկսվել է 2007թ․։ Հետաքննության ընթացքում կասկածյալների թվում էր հայտնվել նաև Սարկոզին․ դատական քննիչները եզրակացրել են, որ նա հնարավոր է՝ օգտվել է Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ առողջական թույլ վիճակից՝ ստանալու գումար 2007թ․ իր նախընտրական արշավի ֆինանսավորման համար։

Այս տարվա մարտի 21-ին Սարկոզիին առաջադրվեցին մեղադրանքներ, բացի նրանից՝ մեղադրյալների թվում է 11 մարդ։ Մարտի վերջին դատական քննիչները հայտարարեցին նախնական հետաքննության ավարտի մասին և փաստաթղթերը փոխանցեցին Բորդոյի դատախազություն։ Սակայն ըստ Parisien-ի տեղեկատվության՝ դատախազությունը ոչ համոզիչ է համարել Ֆրանսիայի նախկին նախագահի ենթադրյալ մեղքի վերաբերյալ հետաքննության փաստարկները։

Երեք ամսվա ընթացքում գործընթացի բոլոր մասնակիցները կարող են դիմել դատախազություն՝ գործի վերաբերյալ ցանկացած նկատողությամբ։ Այս ժամկետը լրանալուց հետո դատախազությունը պաշտոնապես կհայտնի իր կարծիքը՝ արժե գործը դատարան հանձնել, թե փակել այն հանցակազմի բացակայության պատճառով։ Դրա հետ մեկտեղ դատական քննիչներն իրավունք ունեն չպաշտպանել դատախազության առաջարկը և ընդունել գործը դատարան հանձնելու որոշում։ Իր հերթին դատախազությունը կարող է բողոքարկել այդ որոշումը վերաքննիչ դատարանում։

Մեկնաբանել