Մահապատիժն աշխարհում ավելի հազվադեպ է կիրառվում․ Amnesty International

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում տեղեկացնում է վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում մահապատիժների կիրառման նվազման մասին՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով որոշ երկրներում դրա վերականգնման կապակցությամբ, հաղորդում է BBC-ն։

Վերջիններիս թվում են Հնդկաստանը (որտեղ վերջին մի քանի ամիսներին մահապատիժ է իրականացվել 2004-ից ի վեր առաջին անգամ), Ճապոնիան, Գամբիան և Պակիստանը։

Սակայն Amnesty International-ի փորձագետները վստահ են, որ մահապատիժն աշխարհում դառնում է ավելի նվազ տարածված՝ աստիճանաբար մղվելով անցյալ։

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, մահապատիժն ամենաշատը կիրառվում է հինգ երկրում՝ Չինաստանում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և ԱՄՆ-ում։

Amnesty International-ի փորձագետները ուշադրություն են հրավիրում Իրաքում մահապատիժների թվի մտահոգիչ աճի վրա․ 2012թ․ այնտեղ մահապատիժների թիվն աճել է երկու անգամ՝ համեմատ 2011-ի՝ 68-ից մինչև 129։

Իրանում 2012թ․ իրականացվել է 314 մահապտիժ, Սաուդյան Արաբիայում՝ նվազագույնը 79։ ԱՄՆ-ում իրականացվել է 43 մահվապատիժ։

Զեկույցի հեղինակները դժվարացել են նշել մահապատիժների հստակ թիվը Չինաստանում, որտեղ վիճակագրությունը գաղտնի է պահվում, սակայն Amnesty International-ի փորձագետները ենթադրում են, որ այնտեղ մահապատժի են ենթարկվել հազարավոր մարդիկ՝ ավելի, քան մնացած բոլոր երկրներում միասին վերցրած։

Զեկույցում նշվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում մահապատժի կիրառման դադարեցման ոլորտում առկա առաջընթացի մասին՝ չնայած նրան, որ որոշ երկրներ վերականգնել են դրա կիրառումը մորատորիումի ժամկետի ավարտից հետո։

Ընդհանուր առմամբ՝ 2012թ․ մահապատիժների թիվն աճել է ընդամենը երկուսով՝ համեմատ 2011-ի՝ հասնելով 682-ի։

2012թ․ նաև կայացվել է ավելի քիչ մահվան դատավճիռ՝ 1722՝ ընդդեմ 2011թ․ 1923-ի՝ ավելի քիչ թվով երկրում (59-ը՝ ընդդեմ 63-ի)։

Նաև, չնայած մահապատժի կիրառման վերականգնմանը որոշ պետություններում, երկրների ընդհանուր թիվը, որոնցում դրանք կիրառվել են, 2012թ․ նույնն է մնացել, ինչ 2011-ին՝ 21։

Զեկույցի հեղինակները մատնանշում են, որ սա զգալի քիչ է, քան տասնամյակ առաջ, երբ մահապատիժը կիրառվում էր 28 երկրում։

Լատվիան անցյալ տարի դարձավ 97-րդ երկիրը, որն արգելեց մահապատիժը ցանկացած հանցագործության դեպքում։

Ինչ վերաբերում է մահվան դատավճիռների իրագործման ձևերին, ապա անցյալ տարի դրանք ներառել են գնդակահարումը, կախաղան բարձրացնելը, մահացու ներարկումը և գլխատումը։