Համաձայն չեմ, որ այս ընտրություններում բռնությունն ավելի քիչ է եղել. Ավ.Իշխանյան

1990-ական թվականներից Հայաստանում ավանդույթ է ստեղծված՝ որևէ ընտրություն չի համապատասխանում այն չափանիշներին, որ համարվում է ընտրություն. նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում: «Երեկ հերթական ընտրություններն էին, որ չէին համապատասխանում ժողովորդավարության չափանիշներին՝ վարչական ռեսուրսների խիստ, բացարձակ օգտագործմամբ, համատարած կաշառքներ տալով, կուտակումներով տեղամասերում. այդ խախտումները բավական հետաքրքիր ձևով ֆիքսվել են, օրինակ, դեպք է եղել, որ նույն խումբը քվեարկել է տարբեր տեղամասերում՝ նույն խումբը»,- ասաց նա:

Իշխանյանի խոսքով՝ այն հինգ տեղամասերում, ուր Հելսինկյան կոմիտեի դիտորդները դիտարկում են արել, բոլոր նշված խախտումները եղել են: «Շուրջ 200 խախտում ենք արձանագրել: Օրինակ, բավական շատ են եղել «անգրագետ» դիտորդները, որոնց բերել են, «օգնել» են քվեարկել ու տարել են»,- նշեց նա:

Իշխանյանը բարձրացրեց նաև դիտորդների անկախության երաշխիքի հարցը: Նրա դիտարկմամբ՝ եղել են դիտորդական խմբեր, որ բնավ էլ անկախ չեն:

Նա չի համարում, որ այս ընտրություններում բռնությունն ավելի քիչ է եղել: «Դուք ասեք, մարդու ցից հանե՞լն է լավ, թե՞ թույնով սպանելը»,- նշեց Ավետիք Իշխանյանը՝ հավաստելով, որ փոխվել են բռնության ձևերը, մեթոդները, սակայն բռնությունը չի նվազել:

Նա դիտարկեց, որ արդեն տասնյակ տարիներ հերթական ընտրություններին ընդառաջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հույս են տածում, որ այս անգամ, իրոք, ընտրությունները ազատ ու թափանցիկ են լինելու՝ իրենց համոզելով, թե «այս անգամ թերևս, իշխանությունն էլ է հասկանում, որ այսպես շարունակել չի լինի, կամ գուցե դրսից ճնշումներ լինեն»:

Խնդիրն, ըստ նրա, թե ժողովրդի մտածողությունից է բխում, թե Սահմանադրությունից: «Կա մի մտածողություն, որ կա մի թագավոր, ումից կախված է ամեն ինչ: Ու ժողովրդի մոտ կա այն՝ հեքիաթներում եղած բարի թագավորի փնտրտուքը»,- նշեց Իշխանյանը:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությանը՝ իրավապաշտպանը նշեց, որ ամենալավ օրենսգիրքն անգամ չի աշխատի այս պայմաններում, իսկ ցանկության դեպքում այս ընտրական օրենսգրքով էլ կարելի է նորմալ ընտրություններ անցկացնել:

Երևանի ավագանու ընտրությունների վրա, նրա դիտարկմամբ, մեծ ազդեցություն է ունեցել նախագահական ընտրություններին հաջորդած հիասթափությունը:

Առաջարկելով իրավիճակից ելքեր՝ Իշխանյանն ասաց, որ հարկ է անկախացնել դատական համակարգը, և յուրաքանչյուր ընդդիմություն, որ փորձում է գալ իշխանության, պիտի ցույց տա այն համակարգը, որ ինքը պիտի ներդնի դատարանների անկախությունն ապահովելու համար:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Մեկնաբանել