Մտահոգիչը հանրության ոչ այնքան մեծ վստահությունն էր ընտրությունների նկատմամբ. Հ.Սահակյան

Երևանի ավագանու ընտրությունները բավականին լավ կազմակերպված՝ հուսալի, վստահելի, օրինակելի ընտրություններ էին, սակայն զերծ չէին բացթողումներից. նշել է ՀՀ Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մտահոգիչը հանրության ոչ այնքան մեծ վստահությունն էր ընտրական գործընթացների նկատմամբ: Բացթողումը բոլորինս է, բոլորս պետք է դա ապահովենք` իշխանամետ, ընդդիմադիր ուժերը, նաև լրատվական միջոցները»,- ասել է Սահակյանը:

Նա անհիմն է համարել ընդդիմադիր ուժերի ահազանգերը ընտրական գործընթացի նման պայմաններում: «Սա աննախադեպ փաստ է: Միաժամանակ տեսնում ենք, որ նրանք, չտեսնելով իրենց թերի քարոզարշավն ու կատարած աշխատանքը, մտածում են, որ շատ ձայներ պետք է վերցնեն, իսկ եթե չեն վերցնում ուրեմն ինչ-որ խնդիրներ եղել են: Եթե առավոտից երեկո յուրաքանչյուր տեղամասում առնվազն երեք տեսախցիկ է եղել ու տասներկու վստահված անձ արձանագրել է ընտրական ամբողջ գործընթացը, այս դեպքում նորից վերահաշվարկ ներկայացնել, սա իմ կարծիքով այլ բնութագրում ունի, ինչը ես կհնչեցնեմ առաջիկայում»,- նշել է նա։

Հովհաննես Սահակյանը կարծում է, որ իրենց համար կեղծիքներ են ստեղծել ընդդիմադիրները: «Ընդդիմադիր ուժերը իրենց համար կեղծիքների մի մեծ ավազան էին ստեղծել և փորձում էին դրա դեմ պայքարել, երբ կեղծ լրագրողների, դիտորդների պակաս չզգացինք, ընդհանուր առմամբ մենք տեսանք, որ մինչև հաշվարկման պրոցեսը սկսելը տեղեկատվական գրոհ էր սկսել, թե ով ինչքան կեղծիք կգրանցի»,- դիտարկել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել