Կուսակցություններն անում են ամեն ինչ՝ բացի իրենց հիմնական գործառույթից. Հ.Իգիթյան

ՀՀՇ-ում ստեղծված պայմաններում հնարավոր չէր աշխատել. կուսակցությունը վերջին տարիներին զբաղվում էր միայն հետընտրական պրոցեսներով, և հնարավորություն չուներ զբաղվել զուտ կուսակցական գործունեությամբ. նշեց նոր ՀՀՇ-ի նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը: «Չորս տարի ՀՀՇ-ն պրակտիկորեն կուսակցական գործով չէր զբաղվում, իսկ դա բավական մեծ ժամանակ է»,- նշեց նա՝ մերժելով այն կարծիքը, որ եթե ՀՀՇ-ն ՀԱԿ-ում էր, ինքը ՀԱԿ-ի անդամ էր. «Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, բայց ես ՄԱԿ-ի ներկայացուցիչ չեմ»,- ասաց նա: «Կուսակցությունը չի ստեղծվում մի խնդիր լուծելու համար, այն համակարգ պիտի աշխատեցնի: Այսօր կա քաղաքատնտեսական համակարգ ստեղծելու պահանջ, և մենք կփորձենք անել՝ քաղաքակիրթ երկրների կառույցների հետ, հասարակությանն ու այլ ուժերին ներկայացնելով մեր գաղափարները»,- ասաց նա:

Նրա հավաստմամբ՝ Հայաստանի համար նմանատիպ վարքագիծն օրինաչափ է. «Հայաստանում կուսակցություններն անում են ամեն ինչ բացի իրենց հիմնական գործառույթից՝ ընտրությունների միջոցով գալ իշխանության: Եթե նորմալ համակարգն աշխատեր, վաղուց ընտրությունների միջոցով քաղաքական ուժերի խոշորացում տեղի կունենար, կունենայինք երեք-չորս կուսակցություն»,- ասաց նա:

Իգիթյանի խոսքով՝ նախաձեռնությունը բնական է ստացվել: «Քիչ-քիչ հավաքվել ենք, մի քանակ կա, որ որակ է տալիս»,- նշեց նա՝ հավելելով, որ նոր ուժը գաղափարախոսական կարևոր ուղերձներ է բերում, նաև այն լինելու է բավական բաց կառույց՝ ներքին տարակարծությունների համար բավական ազատ:

Իգիթյանի դիտարկմամբ՝ ՀՀՇ-ն նաև լուրջ տնտեսական մոտեցումներ ունի: «Այսօր քիչ է խոսվում տնտեսական դիրքորոշումների մասին, բայց դրանք շատ կարևոր են»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք մեծապես կարևորում են տնտեսական քաղաքականությունը:

ՀՀՇ անունով կուսակցություն գրանցելու համար իրավական խնդիրներ Իգիթյանը չի տեսնում. «Մենք հարցրել ենք, նման կուսակցություն չկա գրանցված, և մենք իրավունք ունենք: Նոր կուսակցություն է, նոր գաղափարախոսություն, նոր մարդիկ… իրավական խնդիր չկա»:

Խոսելով պետությանը չվնասելու, և գոնե որևէ կերպ օգնելու մասին՝ Իգիթյանն ասաց, որ պետությունն ու իշխող կուսակցությունն այնքան են սերտաճել, որ ուղղակի դժվար է կողմնորոշվել, թե ինչպես կարելի է օգնել պետությանը: Նա դիտարկեց նաև, որ այսօր հասարակությունը դժվարանում է հավատալ քաղաքական գործիչների խոսքին. «Լավ բան ես ասում, ճիշտ բան ես ասում, բայց քեզ չեն հավատում»,- ասաց նա:

Մեկնաբանել