Եվգենի Կիսինի հակաադրբեջանական արձագանքը հրեական թերթին

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը նամակ է հղել հրեական Jewish Voice from Germany (JVG) պարբերականին, որում արձագանքել է 2012թ. դեկտեմբերին Զիգֆրիդ Գուտերմանի` այս թերթում հրատարակած «Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր Գերմանիայի համար» խորագրով հոդվածին: Կիսինը նամակում ներկայացրել է Գուտերմանի արծարծած մի շարք հարցերի վերաբերյալ իր սեփական տեսակետը: «Գոլոս Արմենիի» պարբերականը հրապարակել է դաշնակահարի նամակը, որից մի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև:

«Իր «Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր Գերմանիայի համար» հոդվածում պարոն Զ. Գուտերմանը գրում է, որ Ադրբեջանն անկախության առաջին օրերից արևմտյան ժողովրդավարությանը հատուկ քաղաքական համակարգ է կառուցում: Սա նախագահական ժողովրդավարություն է` նաև խորհրդարանում ներկայացված կուսակցությունների բազմակարծությամբ: Նշենք, որ Ադրբեջանը «Վեստմինստերյան ժողովրդավարություն չէ», ընդ որում` ոչ միայն մամուլի ազատության հարցում: Ադրբեջանի քաղաքական համակարգը պետք է համեմատել ոչ թե Գերմանիայի, այլև հետխորհրդային այլ երկրների՝ Ռուսաստանի, Վրաստանի հետ:

Ինչևէ, եկեք իսկապես համեմատենք: The Economist Intelligence Unit-ի 2012թ. ժողովրդավարության ինդեքսի համաձայն` Ադրբեջանը դասվում է ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների շարքին և ժողովրդավարության մակարդակով 167 երկրների թվում զբաղեցնում է 139-րդ տեղը: Նույն ինդեքսի համաձայն՝ Ռուսաստանը, որը նույնպես ավտորիտար է հայտարարվել, 122-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ խառը ռեժիմով, 93-րդն է: Ադրբեջանը 15 հետխորհրդային հանրապետությունների շարքում զբաղեցնում է վերջից 6-րդ տեղը: Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, ապա ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշի՝ Ադրբեջանը 179 երկրների շարքում զբաղեցնում է 156-րդ տեղը (հետխորհրդային երկրների շարքում վերջից 5-րդ տեղը): Միաժամանակ՝ Ռուսաստանը 148-րդն է, իսկ Վրաստանը՝ 110-րդը:

1993-ից Ադրբեջանը կառավարել է ՊԱԿ նախկին գեներալ և Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիևը: Գորբաչովյան վերակառուցման ընթացքում Ալիևը համարվում էր խորհրդային քաղաքական էլիտայի առավել ատելի և ռեակցիոն գործիչներից մեկը, երկաթե բռունցք, որը կառավարեց Ադրբեջանը մինչև իր մահը՝ 2003 թվականը: Նրան փոխարինեց իր որդին՝ Իլհամը, որը ցայսօր երկրի նախագահն է: Մի խոսքով, Ադրբեջանը սիրիական տիպի արևելյան բռնապետության օրինակ է և նույնիսկ պարոն Գուտերմանի «մուսուլմանական երկրներում առաջին օպերայի» կառուցման և «կանանց արժանի կարգավիճակի» վերաբերյալ փաստարկները չեն անտեսում այդ փաստը:

Այո, Ադրբեջանի իշխանություններին հատուկ չէ հակասեմականությունը, և հրեաները լավ են ապրում այս երկրում, ինչը սակայն նրանց «հանդուրժողականության» ապացույցը չէ, ինչպես պնդում է պարոն Գուտերմանը: Նրանք, որոնք 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ապրել են նախկին ԽՍՀՄ-ում, սարսափով են հիշում 1990թ. հունվարի հայերի արյունալի ջարդերը, երբ երբ մեկ շաբաթվա ընթացքում սպանվեցին տասնյակ մարդիկ, քաղաքի տասնյակ հազարանոց հայ բնակչությունը ամբողջությամբ տեղահանվեց, ինչին իշխանությունները չմիջամտեցին»:

Ամփոփելով նամակը` Կիսինն ընդգծում է, որ արևմտյան ժողովրդավարությունները չափազանց հաճախ են վաճառում իրենց խիղճը հանուն գազի և նավթի: «Հայտնի է, որ հենց Իսրայելն է երկար տարիներ եղել այդ խայտառակ քաղաքականության զոհը: Առավել ամոթալի է, որ նման քաղաքականության աջակցությունը հայտնվում է հրեական թերթի էջերին, իսկ խմբագրությունն աշխարհում ամենավատ բռնապետության հետ համագործակցության և էներգետիկ կախվածության կոչեր է անում և աջակցում շատ ավելի առաջադեմ և քաղաքակիրթ (չնայած ոչ առանց թերությունների) Հայաստանի նկատմամբ անարդարության դրսևորմանը»,- գրել է աշխարհահռչակ դաշնակահարը:

JVG-ն պաշտոնապես դեռ չի արձագանքել Եվգենի Կիսինի նամակին:

Մեկնաբանել