Սիրիայում երեք տարում հազարավոր երեխաներ են սպանվել․ ՄԱԿ

Հազարավոր երեխաներ սպանվել են 2011թ․ մարտին սկսված սիրիական հակամարտության ընթացքում, վկայում են ՄԱԿ-ի՝ զինված հակամարտություններին երեխաների մասնակցության ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույցի տվյալները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ինչպես նշվում է զեկույցում, Սիրիայում կառավարական զորքերն ու ապստամբները հաճախ երեխաներին ու դեռահասներին օգտագործում են որպես մահապարտ կամ «կենդանի վահան»։

Բացի այդ՝ սիրիական ընդդիմության զինված խմբավորումները երեխաներին ստիպում են կատարել տարբեր օժանդակ աշխատանքներ, օրինակ՝ տեղափոխել զինամթերքը։

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ սիրիական բանակը նույնպես տանջում է ապստամբների հետ կապեր ունեցող երեխաներին։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 80 հազ․ մարդ։

Մեկնաբանել