«Հյուսիս-Հարավը» բավարար գնահատվեց

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի շինաշխատանքների մեկնարկը, 14-ը փետրվարի, 2013թ.։

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով իրականացվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինաշխատանքներում առկա են որոշակի թերացումներ, որոնք կապալառու ընկերությունը՝ իսպանական Corsan Corviam Construccion S.A.-ն խոստացել է ընթացքում վերացնել։ Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողներին ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Ըստ նախարարի՝ «այնպես չէ, որ նախարարությունն ընկերության աշխատանքներից գոհ է 100%-ով», բայց աշխատանքներում լուրջ թերացումներ հայտնաբերելուց հետո վերահսկողություն իրականացնող կազմակերպությունը (ֆրանսիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների կոնսորցիումը), նախարարի խոսքով, ամբողջովին փոխել է անձնակազմը, ավելացրել մասնագետների թիվը։

«Եթե ընկնենք հունի մեջ, ինձ թվում է մինչև տարվա վերջ կարող ենք ամբողջ աշխատանքների 40%-ը անել»,- ասաց տրանսպորտի և կապի նախարարը՝ հավելելով, թե աշխատանքները կարելի է գնահատել «բավարար», դրանք գոհացնում են նախարարությունը։

Բեգլարյանի խոսքով՝ կապալառու ընկերությունը Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում օրական բետոնացնում է 500 մ տարածություն, աշխատանքները հունի մեջ ընկնելուց հետո խոստացել է օրական ցուցանիշը հասցնել 700-800 մ-ի։

Հարցին, թե երբ է նախարարությունը ԱԶԲ-ի հետ պատրաստվում ստորագրել «Տրանշ 3» ծրագրի պայմանագիրը, Բեգլարյանը նշեց՝ «ամենաուշը 1,5-2 ամսից», որից հետո հնարավոր կլինի հայտարարել շինաշխատանքներն իրականացնող կապալառուի մրցույթ։

«Տրանշ 1» և «Տրանշ 2» պայմանագրերով նախանշված է, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ (երկարությունը 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., Աշտարակ-Թալին ճանապարհատվածի (երկարությունը 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։

Կապալառու իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը անցյալ տարվա ապրիլին խոստանում էր Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները կառուցել և վերակառուցել 18 ամսում (2013թ. վերջ), Աշտարակ-Թալինը՝ 36 ամսում (2015-ի աշուն)։

Կառավարությունը «Տրանշ 1» և «Տրանշ 2» ծրագրերով աշխատանքները սկսել է մոտ երկու տարի ուշացումով. «Տրանշ 1»-ով $60 մլն-ի վարկային միջոցներն ԱԶԲ-ն հատկացրել է 2009-ին, «Տրանշ 2»-ով $180 մլն-ը՝ 2010թ. դեկտեմբերին։ Կապալառու ընկերության միջազգային հայտամրցույթ հայտարարվեց 2011թ. օգոստոսին, հաղթող ընկերության անունը հայտնի դարձավ անցած տարի ապրիլին՝ իսպանական Corsan Corviam Construccion S.A.-ն, որը շինաշխատանքները սկսեց 2012թ. սեպտեմբերին։

2012թ. նոյեմբերի վերջին ԱԶԲ-ն քննարկեց, բայց չհաստատեց Հայաստանին «Տրանշ 3»-ով $180 մլն միջոցների հատկացումը։ Գումարը պետք է ուղղվեր Թալին-Գյումրի 46 կմ հատվածի վերակառուցմանը (ներկայիս երկու երթևեկելի գոտիների պետք է հասցվեն չորսի)։

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի (երկարությունը 556 կմ) կառուցումը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Արդյունքում Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը կկապվի Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ հասնելով մինչև Փոթի և Բաթումի նավահանգիստներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն $962 մլն է, որից $500 մլն-ը ԱԶԲ-ի վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարով ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, ապա՝ 1,5%)։ Հայաստանի կառավարությունը ստանձնել է $462 մլն-ի համաֆինանսավորման պարտավորություն, որից $177 մլն-ը հարկերի տեսքով, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման։