Սեպտեմբերի 19-ին «սմայլիկը» նշում է իր ծննդյան օրը

Սեպտեմբերի 19-ին ժպտացող դեմքը կամ «սմայլիկը», որը սովորաբար պատկերվում է կետերի, փակագծի և գծիկի միջոցով, նշում է իր ծննդյան օրը:

Ինտերնետ-ժպիտի հեղինակը Փիթսբուրգի Կարնեգի Մելոն համալսարանի համակարգչային դպրոցի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն է, որը «սմայլիկը» ստեղծել է որպես զգացմունքները փոխանցելու միջոց:

Սկզբնապես «սմայլիկից» օգտվում էին միայն համալսարանի աշխատակիցները, սակայն այն շատ արագ տարածվել է նաև մյուս գիտական և կրթական հիմնարկներում:

35-ամյա գիտական գործունեության ընթացքում Ֆալմանը արհեստական ինետելեկտի և միջնորդավորված շփման ոլորտում անցկացրել է բազմաթիվ հետազոտություններ, սակայն լայն ճանաչում է ձեռք բերել հենց որպես «սմայլիկի» ստեղծող:

Նորամուծության հաջողությունը զարմացրել է Ֆալմանին: «Դա ցնցող է հետևել, թե ինչպես է տասը րոպեում հորինված պատկերը վերածվում ամբողջ աշխարհով մեկ տարածվող երևույթի», – խոստովանել է Սքոթ Ֆալմանը:

Այսօր համացանցում կարելի է հանդիպել «սմայլիկի» տասնյակ տեսակներ: Իսկ Փիթսբուրգի համակարգչային դպրոցն արդեն հինգ տարի է՝ «սմայլիկի» ծննդյան օրը շնորհում է Smiley Award մրցանակը՝ նշանակալի նորամուծությունների համար, որոնք թույլ են տալիս կատարելագործել հաղորդակցությունը համակարգչային տեխնիկայի օգնությամբ:

Մեկնաբանել