Անվտանգության ամենաարդյունավետ համակարգը

18-րդ դարավերջի ֆրանսիական և ամերիկյան հեղափոխություններն ամողջականացրին ազգային պետության գաղափարը` ազգայնականությունը դարձնելով տարածված գաղափարախոսություն աշխարհում: Խոսքը քաղաքացիական ազգայնականության մասին էր, քաղաքական սահմաններ ունեցող և «հասարակական դաշինքի» գնացած ժողովուրդների: Այս ժամանակից սկսած` ազգայնականությունն ուժեղ զգացումներ է առաջացնում տարբեր ժողովուրդների մոտ, էթնոսները փորձում են կազմակերպվել որպես ազգ, և բնականաբար դուրս գալ վերազգային կառույցների, իմա` կայսրությունների կազմից: Կայսրությունները երկար ժամանակ պայքարում են ազգայնականության դեմ, ոմանք հանձնվում են` վերածվելով մի շարք ազգային պետությունների, որոնք ընդունում են գաղափարական նոր գույներ, կրոնական ծածկոց, փնտրում նոր ինքնություն` պահպանելու համար իրենց ամբողջականությունը: Սակայն ազգայնականության հզոր զգացումը ժամանակ առ ժամանակ քանդում է կայսրությունները և աշխարհի քաղաքական քարտեզը ծածկում նոր գույներով:

Պատմությունը ցույց է տվել, որ էթնոսը ի վիճակի է զարգանալու միայն սեփական ազգային պետության գոյության պայմաններում, հակառակ դեպքում` նա ենթակա է ձուլման կամ բռնի ոչնչացման: Ազգային պետությունը մարդկության ստեղծած անվտանգության լավագույն համակարգն է էթնոսի համար: Կենսունակ են այն ազգային պետությունները, որոնք անընդհատ ջանք են գործադրում տարածաշրջանում ուժեղ դիրքեր նվաճելու և իրենց քաղաքական սահմաններից դուրս մշակութային ընդհանրություն (հասկացի´ր էթնիկական ընդհանրություն) ունեցող մասերին սեփական քաղաքական սահմաններում ընդգրկելու համար: Ավելի պարզ ասած` կենսունակ են այն ազգերը, որոնք ամբիցիոզ են և զբաղված են արդյունավետ հողահավաքով:

Կայսրությունից ազգային պետության վերածվելու փուլերը ողբերգական են եղել մարդկության համար: Բազմաթիվ ժողովուրդներ անցել են ցեղասպանության, արտաքսման, ձուլման, բռնագաղթի ճանապարհով: Ծանրագույն բաժին է հասել հայությանը, որը մնացել է իր բնօրրանին տեր դարձած Օսմանյան և Ռուսական կայսրությունների փլատակների տակ` կորցնելով բնակչության և Հայրենիքի մեծ մասը:

1990-ականներին կայսրության փլուզումը մեզ ազգային պետություն նվիրեց, իսկ հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում նաև ազգային հողահավաքի հնարավորություն տվեց: Մենք ստացանք լավագույն մեկնարկային հնարավորությունը` ուժեղ ազգային պետություն ստեղծելու համար, որը կլիներ տարածաշրջանի կարևոր գործոններից մեկը: Բայց արի ու տես, որ մեր օրերում հանդիպում են մտավորականների և քաղաքական գործիչների մի բույլ, որոնք խոսում են այլ կայսրության մաս կազմելու, սեփական ինքնիշխանությունն ու անկախությունը զիջելու օգտին: Պատճառը միգուցե նա է, որ նրանք այդպես էլ չդարձան ազգային գործիչ կամ ազգային մտավորական` մնալով կայսրության սպասարկուներ: Եվ երբ մեռած կայսրությունը վերածնվելու նշաններ ցույց տվեց, իրենց իրական դեմքը ցույց տվեցին նաև մերօրյա որոշ մտավորականներ և քաղաքականությամբ զբաղվողներ:

Ազգային պետություն ստեղծելու համար խիստ անհրաժեշտ է ազգային էլիտա: Այսօրվա մեր ունեցած էլիտան մեծամասամբ ապազգային է: Եթե չգնանք էլիտայի կազմի լուրջ որակական փոփոխության, ապա կայսրության մաս դառնալն անխուսափելի է: Իսկ սա լավագույն դեպքում նշանակում է ձուլում, քանզի զրկված կլինենք անվտանգության ամենաարդյունավետ համակարգից` ազգային պետությունից:

Մեկնաբանել