Կրեմլը խոստանում է հարգել ուկրաինացիների ընտրությունը

Մոսկվան հարգանքով կվերաբերվի ուկրաինացի ժողովրդի կամարտահայտությանը առաջիկա նախագահական ընտրություններին, սակայն երկրի օրինական նախագահ Մոսկվան, միևնույն է, համարում է Վիկտոր Յանուկովիչին: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք հարգանքով կվերաբերվենք ուկրաինացի ժողովրդի ընտրությանը՝ իհարկե հետևելով այն ամենին, ինչ տեղի է ունենում»,- ասել է Պուտինը Սանկտ-Պետերբուրգում Միջազգային տնտեսական համաժողովին:

Միաժամանակ՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ առավել խելամիտ կլիներ անել այն, ինչ ժամանակին պայմանավորվել էին անել Վիկտոր Յանուկովիչը և այն ժամանակ ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները՝ անցկացնել հանրաքվե, ընդունել նոր սահմանադրություն և այդ սահմանադրության հիման վրա ձևավորել իշխանության մարմիններ, այդ թվում՝ ընտրել նոր խորհրդարան և նախագահ։

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Պուտինի՝ նորընտիր ուկրաիանական իշխանության հետ աշխատելու մասին հայտարարությունը:

Ուկրաինայի նախագահի ընտրությունները կանցկացվեն մայիսի 25-ին: Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների առաջնորդներն ավելի վաղ հայտարարել են, որ իրենց տարածքներում քվեարկություն չեն անցկացնի:

Մեկնաբանել