Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պորոշենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյին, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Պյոտր Ալեքսեյի,

Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։

Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը:

Հարգելի Պյոտր Ալեքսեյի, մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

Մեկնաբանել