Բնական մենաշնորհներ. զարգացմա՞ն, թե՞ թալանի հնարավորություններ

Էլեկտրաէներգիայի գների բարձրացումը հասարակության մեջ դեռ երկար կքննարկվի: Թանկացման հիմնավորումներ պաշտոնյաները միշտ էլ կարող են գտնել, անհայտ է մնում միայն, թե ինչու է էլեկտրաէներգիայով ինքնաբավ երկրում այս ապրանքի գինը բավականին բարձր, նամանավանդ, որ արտադրողից վերջնական սպառողին հասցնող ոլորտը բնական մենաշնորհ է՝ զուրկ մրցակցությունից, հետևաբար՝ շահութաբերության հստակ երաշխիքով:

Այլ երկրների էլեկտրաէներգիայի գնի ձևավորումն ուսումնասիրելիս հետաքրքիր փաստեր պարզվեցին: Օրինակ, Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի գնի ձևավորման մեջ 35 տոկոսից ավելին կազմում են հարկերը: Ի դեպ, այդ հարկերի մի որոշակի հատված ուղղվում է համայնքային և շրջանային բյուջեներ: Այսպես, 1 մեգավատ էլեկտրաէներգիայի վաճառքից 6,33 եվրոն ուղղվում է համայնքներին, 3,16 եվրոն՝ շրջաններին: Կարծես թե տրամաբանությունը պարզ է, տվյալ համայնքում և շրջանում սպառված էլեկտրաէներգիայից բաժին են հանում նաև տեղական բյուջեներին: Ապակենտրոնացումն ու համայնքների զարգացումը եվրոպական երկրներում ոչ միայն կարգախոս է և թղթին հանձնված գեղեցիկ բառեր, այլև գործող մեխանիզմ՝ կենտրոնից ներքև պատվիրակված լիազորություններով և ֆինանսական աղբյուրներով: Այս մեխանիզմը թույլ է տալիս պետության համաչափ զարգացումը, երկիրը զերծ է պահում կենտրոնացումից, ինչն էլ կոռուպցիայի և անարդյունավետության հիմնական աղբյուրն է:

Բնական մենաշնորհ հանդիսացող ընկերությունների օտարումն անկախության տարիներին մեր թույլ տված սխալներից են: Որպես կանոն, այդ ոլորտներին տիրացած օտարերկրյա կազմակերպություններն այստեղ են գալիս գաղութարարի տեսքով՝ հնարավորինս շատ շահույթներ ստանալու և համակարգի նկատմամբ քիչ սրտացավությամբ: Առաջիկա սերունդների առջև դրված խնդիրներից պետք է լինի բնական մենաշնորհ ճանաչված, երկրի համար ռազմավարական նշանակությամբ ոլորտների հայկականացումը՝ ազգայնացման կամ հայկական մասնավոր ընկերությունների կողմից գնման տեսքով: Առաջիկա սերունդները պետք է կարողանան նաև այդ ոլորտներից ստացվող շահույթներից մաս հանեն համայնքներին՝ որպես երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող օղակներ:

Ամփոփելով վերը նշվածը՝ կարող ենք փաստել, որ եթե մեզ նման երկրներում բնական մենաշնորհների ոլորտը կոռուպցիոն/թալանի հնարավորություններ է ստեղծում անդրազգային և օտարերկրյա ընկերությունների ու մեր իշխանությունների համար, այլ երկրներում այդ ոլորտներից ստացվող գերշահույթներն ուղղվում են ուժեղ հասարակությունների երաշխիքը հանդիսացող կառույցներին:

Մեկնաբանել