Քեսապահայերին հանձնվել են Հայաստանի անձնագրեր

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 4-ից 6-ը այցելել է Սիրիայի Քեսապ և Լաթաքիա քաղաքներ:

Սեպտեմբերի 5-ին Քեսապի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսապցիներին հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից: Շնորհավորելով քեսապահայերին Հայաստանի քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գևորգյանը բարձր է գնահատել քեսապցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը:

Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին` քեսապահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության և հոգատարության համար:

Արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսապի քաղաքապետը քննարկել են քեսապցիների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները իրականացումը:

Սեպտեմբերի 6-ին Լաթաքիայի Հայոց ազգային առաջնորդարանում Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները անցկացրել են հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Երկու տասնյակ հայ ծերեր քաղաքի գրավումից հետո տեղափոխվել էին Թուրքիայի վերջին հայաբնակ Վաքըֆ գյուղ։

Սիրիական բանակի զորամիավորումները Քեսապը հետ էին վերցրել հունիսի 15-ին։ Հունիսի 16-ից քեսապահայերը սկսել էին վերադառնալ իրենց տները:

Մեկնաբանել