Ռալֆ Յիրիկյանը խոսել է մենաշնորհների և գերիշխող դիրք ունեցողների զսպման մասին

IMG_0392 (1)Հնարավոր է ծավալել գործունեություն, ձեռք բերել և պահպանել շուկայի առաջատարի դիրքեր՝ առանց խախտելու մարդու իրավունքները ամենօրյա բիզնես-գործընթացների իրականացման ժամանակ. Երևանում այսօր կայացած տնտեսական համաժողովին իր ելույթում հայտարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ընդգծելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մրցակցային շուկայում իր ղեկավարած ընկերության փորձը։

«Բիզնեսի համար ոչ խտրական պայմանների ապահովումը, մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցողների պատշաճ զսպումը» ելույթում Յիրիկյանն անդրադարձել է տնտեսական առողջ մրցակցության խնդրին՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում շուկայի ներկայացուցիչների ներուժի օգտագործման, ինչպես նաև ընկերության ամենօրյա գործունեության մեջ տնտեսական իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նա ընդգծել է ընկերության մակարդակում մարդու իրավունքների ինստիտուցիոնալ մեխանիզմների բացահայտման և կիրառման անհրաժեշտությունը:

«Իր գործունեության ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ապացուցել է, որ կան գործընթացներ, որոնք կարող են իրականացվել ընկերությունների կազմակերպական մակարդակում, ներառյալ ISO 26000 ստանդարտի ընդունումը՝ գործարար էթիկայի և արդար մրցակցության կանոններին հետևելու, մարդու իրավունքների, մասնավորապես՝ սպառողի և աշխատակիցների իրավունքների պահպանման, օրենքի պահպանման և հարկային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման նպատակով: Համոզված եմ, որ վարից վեր վեկտորով իրականացվող գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան կարգավորող մարմինների՝ վերից վար վեկտորով գործընթացների հետ՝ արդար մրցակցություն ապահովելու համար»,- ասել է Յիրիկյանը:

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 10-ին Երևանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կայացել է Տնտեսական իրավունքներին նվիրված համաժողով, որին մասնակցել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, դեսպաններ և գործարարներ։

Մեկնաբանել