ՀԱԿ-ը դատապարտում է ԲՀԿ անդամի նկատմամբ կիրառված բռնությունը

hakՀայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ փետրրվարի 7-ին «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ կատարված բռնության հետ կապված:

«ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումը և նրա դեմ կիրառված դաժան բռնությունը պատահականություն չէր։ Այն իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմության դեմ, որպես վերջին միջոց, սանձազերծված ստոր ահաբեկչական գործողությունների շղթայի հերթական մի օղակն է։ Պատահական չէ, որ նախ բռնությունների ենթարկվեցին հասարակական կազմակերպությունների, փոքր քաղաքական ուժերի անդամներ, իսկ այնուհետև իշխանական ահաբեկչության թիրախ դարձան համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված հոծ քաղաքական կազմակերպությունների՝ ազատամարտիկների դաշինքի, Հայ ազգային կոնգրեսի, իսկ այժմ արդեն նաև ԲՀԿ-ի ներկայացուցիչներ։ Բռնությունը, որպես միջոց, միշտ չէ, որ դրա հեղինակի ամրության ու ինքնավստահության արտահայտություն է, իսկ իշխանության դեպքում՝ ճիշտ հակառակն է։ Դավադիր ու փոքրոգի ահաբեկչական այս ակտերը այլ բան չեն, քան խուճապի մատնված ռեժիմի հոգեվարքային ջղաձգում։ Ժողովուրդը երբեք չի ների նենգ ահաբեկչական այս գործելակերպը, որ անհատների դեմ ուղղված լինելով, ըստ էության, մարտահրավեր է ողջ հասարակությանը։ Իշխանության այսպիսի գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի և քաղաքական ուժերի միահամուռ ընդվզմամբ շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինակարգ իշխանության հաստատումը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովումը»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում։

Խաչատրյանի նկատմամբ բռնության կապակցությամբ հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԲՀԿ-ն՝ դրա համար մեղադրելով երկրի բարձրագույն իշխանություններին։

***

Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Արտակ Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ: