Կիպրոսը քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը

Cyprus_European_Union_Presidency_flags_at_top_of_Nicosia_BuildingԿիպրոսը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ գումարված նիստին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանը:

Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975թ.:

Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։

Կիպրոսը Եվրոպայում հինգերորդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից, Շվեյցարիայից և Իտալիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։

Կիպրոսի նախագահը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կլինի Երևանում:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Կիպրոսի խորհրդարանի կողմից օրենքի ընդունումը:

Ինչպես հաղորդում են արգործնախարարության մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ «այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։

Մեկնաբանել