«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահին մեղադրանք առաջադրվեց

12352_largeՔննչական կոմիտեն ապրիլի 9-ին մեղադրանք է առաջադրել «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանին` զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով: Ինչպես հաղորդում են «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունից, Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց երկու ամսով կիրառելու հարցը քննելու համար:

Այժմ ընթանում է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը:

«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված հինգ անդամները` նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը Քննչական կոմիտե էին բերվել ժամը 13-ին: «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված վեցերորդ անդամը` Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը, որը կասկածվում է ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, Քննչական կոմիտե չէր բերվել:

***

Ապրիլի 7-ի առավոտյան բերման էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ, որոնցից չորսը՝ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել էին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են նաև «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը և նախաձեռնության Գյումրիի գրասնեյակի պատասխանատու Արամ Հակոբյանը:

Հարուցվել էր նաև քրեական գործ՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ, որը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում: «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում իրականացվել էին նաև քննչական գործողություններ, առգրավվել էին իրեր:

Մեկնաբանել