Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմի» նախագահին

10857ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Ինչպես հաղորդում են նախագահի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակին և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կարևորել է տնտեսական բաղադրիչը, որտեղ զգալի դեր ունի գազաէներգետիկ ոլորտը: Նա բարձր է գնահատել «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը և Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

Վերջինս շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ բարձր պարգևի, ինչպես նաև ««Գազպրոմը»՝ երեխաներին» ծրագրի շրջանակում Երևանում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին այսօր ներկա գտնվելու համար:

Միլլերը նշել է, որ «Գազպրոմը» պատրաստ է մեծ պատասխանատվությամբ և նախատեսված ժամկետներում Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները:

Հանդիպմանը Միլլերը Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, որոնցում, ըստ նրա, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:

Մեկնաբանել