Հայաստանի մամուլը շարունակում է անազատ մնալ. Freedom House

FIW-MapFreedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Մամուլի ազատության» զեկույցը: Զեկույցն արձանագրում է, որ 2014թ. աշխարհում մամուլի ազատության վիճակը լրջորեն վատթարացել է:

«Լրագրողներն առերեսվում են տեղեկատվության ազատ շրջանառությունը խոչընդոտող ավելի ու ավելի շատ խնդիրների, ներառյալ սպառնալիքներ սեփական կյանքին: Կառավարությունները կիրառում են գրաքննության և ձերբակալությունների մարտավարություն` լռեցնելու քննադատությունը: Ահաբեկիչներն ու ոչ կառավարական այլ ուժերը առևանգում և սպանում են լրագրողներին, որոնք փորձում են լուսաբանել զինված հակամարտություններն ու կազմակերպված հանցավորությունը: Շատ երկրներում ունևոր սեփականատերերը, որոնք վերահսկում են մամուլը, լուրերի միջոցով աջակցում են կառավարությանը, քաղաքական կուսակցություններին կամ պաշտպանում են սեփական շահերը: Ժողովրդավարական երկրները փորձում են դիմակայել ավտորիտար ռեժիմների և զինյալ խմբավորումների կողմից տարածվող քարոզչությանը»,- ասված է զեկույցում:

Նշվում է, որ 2014թ. մամուլի ազատությունն աշխարհում հասել է վերջին ավելի քան տասը տարիների իր ամենացածր կետին: 1980-ից սկսած`ամեն տարի հրապարակվող զեկույցում ասվում է, որ վերջին շրջանում բացասական գործընթացներն արագացել են, և ներկայում երկրագնդի բնակչության միայն 14%-ն է (յոթ մարդուց մեկը) ապրում պետություններում, որտեղ քաղաքական լուրերի լուսաբանումը հուսալի է, լրագրողների անվտանգությունը երաշխավորված է, լրատվամիջոցների աշխատանքին պետության միջամտությունը նվազագույն է, և մամուլը չի ենթարկվում իրավական կամ տնտեսական ծանր ճնշումների:

Զեկույցում դիտարկված 199 պետություններից և տարածքներից ընդհանուր 63 երկիր մամուլի ազատության տեսնակյունից գնահատվել է ազատ, 71 երկիր` մասամբ ազատ և 65 երկիր` ոչ ազատ:

Ամենաազատ մամուլն ունեցող երկրների տասնյակը հետևյալն է` Նորվեգիա, Շվեդիա, Բելգիա, Ֆինլանդիա, Նիդեռլանդներ, Դանիա, Լյուքսեմբուրգ, Անդորրա, Շվեյցարիա և Լիխտենշտեյն:

Ցուցակի ամենավերջում Հյուսիսային Կորեան է, որին նախորդում են Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Էրիթրեան, Ղրիմը (որը Freedom House-ի «Մամուլի ազատության» զեկույցում առաջին անգամ է գնահատվել առանձին), Բելառուսը, Կուբան, Սիրիան, Իրանը, Հասարակածային Գվինեան:

ԱՄՆ-ը 31-րդ տեղում է` ազատ մամուլ ունեցող երկրների շարքում: Ռուսաստանը 180-րդ հորիզոնականում է` ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցողների թվում:

Հայաստան և հարևաններ

«Մամուլի ազատություն-2015» զեկույցում Հայաստանը 61 միավորով 135-րդ տեղում է` որպես ոչ ազատ մամուլ ունեցող երկիր, և այս հորիզոնականը կիսում է Ալժիրի հետ:

Հայաստանի չորս հարևաններից երեքը ևս մամուլի ազատության տեսանկյունից ոչ ազատ են` Իրանը 190-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 188-րդ, Թուրքիան 142-րդ, և միայն Վրաստանն է, որտեղ մամուլը համարվել է մասամբ ազատ. այս եկիրը զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը:

2014թ. Freedom House-ի մամուլի ազատության ինդեքսում Հայաստանում լրատվամիջոցները նույնպես դասակարգվել էին ոչ ազատ:

Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան նախորդ տարի կրկին ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում էին, Վրաստանը` մասամբ ազատների:

Մեկնաբանել