Ի՞նչ արժեք ունի Համահայկական հռչակագիրը

Եթե Հայաստանի խորհրդարանը պատրաստ է վավերացնել 2009-ի  արձանագրությունները, ապա դիվանագիտական և քաղաքական ի՞նչ արժեք ունի Համահայկական հռչակագիրը: Եթե Հայաստանի խորհրդարանը պատրաստ է վավերացնել 2009-ի արձանագրությունները, ապա դիվանագիտական և քաղաքական ի՞նչ արժեք ունի Համահայկական հռչակագիրը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստան այցելած օտարերկրյա լրագրողները հնարավորություն ունեցան հարցեր տալ և առանձին հարցազրույցներ ունենալ Սերժ Սարգսյանի հետ՝ մանրամասնորեն պարզելու պաշտոնական Երևանի դիրքորոշումը հայ-թուրքական երկու արձանագրությունների, Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի և պահանջատիրության հարցերում:

Չնայած Անկարայի հետ հարաբերություններում հռետորաբանության և շեշտադրումների փոփոխությանը՝ համեմատած «ֆուտբոլային դիվանագիտության» ու Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակների հետ, Սարգսյանը շարունակում է երկու արձանագրությունները համարել ուժի մեջ, իր խոսքով՝ «գոյություն ունեցող»:

Ապրիլի 24-ի նախօրեին միջազգային մի շարք լրատվամիջոցների հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում ունեցած զրույցում Սարգսյանը նշել էր, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ է կանչել խորհրդարանից՝ Թուրքիային «քաղաքական ուղերձ» հղելու նպատակով: «Մեզ համար ցանկալի երևույթ է արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքը չէ, որ դրանք մնում են օդում կախված: Արձանագրությունների վավերացումը մի բան է, որ ցանկանում ենք, սակայն տանգո երկուսով են պարում, և դա միայն մեզնից չէ կախված»,- ասել էր Սարգսյանը և շարունակել, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կարող է վերսկսվել, երբ «Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ լինի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»:

100-րդ տարելիցի միջոցառումներից հետո ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ հեռուստազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ցյուրիխում 2009-ին ստորագրված երկու արձանագրությունները «գոյություն ունեն»: Սարգսյանն ասաց, որ ինքն արձանագրությունները հետ է կանչել խորհրդարանից, որպեսզի մեկ անգամ ևս նախազգուշացնի Թուրքիայի իշխանություններին առ այն, որ Հայաստանը մտադիր չէ հավերժ սպասել թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացմանը:

«Դա [փաստաթղթի հետկանչը Ազգային ժողովից] իրավական քայլ չէր, այլ քաղաքական, որովհետև, մեր օրենսդրության համաձայն, իրավական քայլ կլիներ ստորագրությունների հետկանչը: Այդ դեպքում կնշանակեր, որ այդ փաստաթղթերը այլևս գոյությոն չունեն։ Սակայն այդ փաստաթղթերն այսօր գոյություն ունեն, և եթե թուրքական խորհրդարանը վավերացնի դրանք, կարծում եմ, մեր խորհրդարանը նույնպես կարող է դա անել: Չնայած հույս չունեմ, որ թուրքերը առաջիկայում դա կանեն»,- նշեց Սարգսյանը:

Այսպիսով, Սարգսյանի և պաշտոնական Երևանի համար հայ-թուրքական արձանագրությունները գոյություն ունեն և մեռած չեն: Բավական է թուրքական խորհրդարանը վավերացնի դրանք, Հայաստանի խորհրդարանը կանի նույնը, թեև այս պահին այդ արձանագրությունները Հայաստանի խորհրդարանից հետ են կանչված:

Արտասահմանյան լրագրողների հետ զրույցում Սարգսյանը երկու անգամ՝ ապրիլի 24-ի նախօրեին և հետո, հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի:

Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց հրապարակեց Սերժ Սարգսյանի հետ (հարցազրույցի տեքստը տարածեց նաև Բաղրամյան 26-ը), որում Հայաստանի ղեկավարն ասում է․ «Հայաստանն իր անկախացումից ի վեր երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն ի միջի այլոց ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը, և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը»:

Ճիշտ է՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի և ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Երևանը տարածքային որևէ պահանջ չի ներկայացրել Թուրքիային: Նույնն անում է նաև Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից, այս տարվա հունվարի վերջերին Ծիծեռնակաբերդի բարձունքում Սերժ Սարգսյանը սփյուռքյան կառույցների ներկայությամբ ընթերցում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, որտեղ հիշատակվում էին Սևրի պայմանագիրն ու Վիլսոնյան Հայաստանը: Այսպիսով, Համահայկական հռչակագրում անուղղակի տարածքային պահանջներ են ներկայացվում Թուրքիային. «Արժևորելով… 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում…»։

Պոզների հետ զրույցում Սարգսյանը փոքր-ինչ այլ մեկնաբանություն տվեց, երբ խոսք բացվեց Թուրքիայից հնարավոր տարածքային պահանջների մասին: Պոզների դիտարկմանը՝ Անկարան հրաժարվում է ճանաչել Ցեղասպանության փաստը, որովհետև մտավախություն ունի, որ դրանից հետո Հայաստանը կարող է նյութական փոխհատուցման, հողերի վերադարձի պահանջ ներկայացնել, Սարգսյանը պատասխանեց. «Պահանջների մասին ավելի շատ խոսում են թուրքական հասարակությունում, քան Հայաստանում: Միգուցե Թուրքիայի իշխանությունները նման մտավախություն ունեն, բայց ես կարծում եմ, որ դա հարցի երկրորդ կողմն է: Առաջին կողմը ճանաչումն է: Իսկ փոխհատուցումների, այլ պահանջների մասին … Մենք միջազգային հանրության մաս ենք՝ տարբեր կազմակերպությունների պատասխանատու մասնակից ենք՝ ՄԱԿ-ից մինչև Եվրոպայի խորհուրդ, ԱՊՀ, և պատահական չէ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնատար անձ այս 20-25 տարիների ընթացքում ոչ մի անգամ չի խոսել որևէ պահանջի մասին: Սա ինչ-որ բանի մասին խոսում է»:

– 100-րդ տարելիցի կարգախոսն է՝ «Հիշում եմ և պահանջում»: Ի՞նչ եք պահանջում,- ճշտող հարց ուղղեց Պոզները:

– Պահանջում ենք ճանաչում: Իսկ թե հետո ինչ կհետևի, այդ ամենը բանակցությունների առարկա է,- ասաց Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի հարցազրույցներից հետո կրկին արդիական է դառնում հետևյալ հարցը՝ եթե Հայաստանի խորհրդարանը պատրաստ է վավերացնել 2009-ի արձանագրությունները, ապա դիվանագիտական և քաղաքական ի՞նչ արժեք ունի 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը:

Մեկնաբանել