Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր շտաբի պետի տեղակալ

arm143439035335ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: Սարգսյանը մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից ազատել է գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին:

Մովսես Հակոբյանը 2007-ից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն էր, և այդ պաշտոնում փոխարինել էր Հայաստանի ներկայիս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը 2007թ. նշանակվել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Մովսես Հակոբյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, Արցախի հերոս:

Ռազմական կրթությունն ստացել է Ալմա-Աթայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանում, ապա Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում (2002թ.):

Նախքան ղարաբաղյան պատերազմին մասնակցելը ծառայել է խորհրդային բանակի Անդրկովկասյան զինվորական օկրուգում:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 2009-ից գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն է:

Մեկնաբանել