Օմբուդսմենը դատապարտել է ոստիկանի կոպիտ վարքագիծը

OmbudsmanՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ ոստիկանն ապտակել է տարեց մարդու: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Խստորեն դատապարտում ենք երեկ Հանրապետության Հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը: Թեև քաղաքացիներն այս պահի դրությամբ մեզ դիմում-բողոք չեն ներկայացրել, սակայն հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը և դեպքի հանրային նշանակությունը` սեփական նախաձեռնությամբ վարույթ ենք սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ քայլերը դեպքի հանգամանքներն արագ ու անաչառ ուսումնասիրելու և ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ցանկանում ենք վստահ լինել, որ թե Հանրապետության Հրապարակում գտնվող և թե այլ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններն այլևս կբխեն միմիայն օրենքից ու բացարձակ անհրաժեշտությունից, և կբացառվեն այլ անհամաչափ գործողությունները»:

***

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Ոստիկանների հետ բախումների արդյունքում մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել. նրանք ավելի ուշ բաց են թողնվել: Երեկվանից լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում է հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանը ապտակում է ակցիայի տարեց մի մասնակցի:

Մեկնաբանել