Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հանդիպել են Գաբալայում

Gabala MeetingՎրաստանը, որպես տարածաշրջանի զարգացման կողմնակից, հանդես է գալիս Ղարաբաղում խաղաղության և անդորրի օգտին. Գաբալայում մայիսի 15-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է Վրաստանի ՊՆ նախարար Թինա Խիդաշելին:

Ինչպես հաղորդում է Sputnik-ի վրացական ծառայությունը, թվով չորրորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հրավերով:

«Մենք հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության, հանգստության և երկարաժամկետ զարգացման օգտին»,- հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Խիդաշելին:

Զաքիր Հասանովը տեղեկացրել է, որ երեք երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացման նպատակով որոշում է կայացվել համատեղ զորավարժությունների անցկացման, ռազմական կրթության ոլորտում եռակողմ ձևաչափի համագործակցության, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև խողովակաշարերի պաշտպանության ուղղությամբ եռակողմ զորավարժությունների հետագա կատարելագործման վերաբերյալ:

Հասանովը հայտարարել է, որ նախատեսվում է երեք երկրների միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Ադրբեջանցի նախարարը նաև տեղեկացրել է, որ երկկողմ և եռակողմ հանդիպումներում քննարկվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը և հակամարտության գոտում լարվածության աճը:

Մեկնաբանել