Պաշտպանելով հիշողությունը․ Հայոց ցեղասպանության թեման՝ Բոսթոնի համալսարանի կրթական ծրագրում

Բոսթոնի համալսարանի Արվեստի և գիտության քոլեջի ուսումնական ծրագրում ներառվել է «Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրություն» առարկան, որի շրջանակում ուսուցանվելու է նաև Հայոց ցեղասպանության թեման։ Բոսթոնի համալսարանը հայտարարում է, որ նպատակն այն չէ, որ ուսանողները «պարզապես պատմություն սովորեն, այլ այն է, որ սովորեն, դաս քաղեն պատմությունից»։

Դասավանդվելու են 20-րդ դարի պետական մակարդակով կազմակերպված ամենասարսափելի ոճիրները՝ Հոլոքոստից ու Հայոց ցեղասպանությունից մինչև Ռուանդայի սպանդ։

«Այս ոճրագործությունները որպես ժամանակի և տարածության մեջ հեռավոր երևույթներ դիտարկելու փոխարեն՝ շեշտադրվելու է դրանց ուսումնասիրությունը՝ որպես մեր օրերի հակամարտությունների և եռացող թշնամանքի հայելի։ Մուլտիմեդիա կուրսային աշխատանքը պատասխանելու է նաև ամենահրատապ հարցին՝ կարո՞ղ է դա կրկնվել։ Պատասխանն է՝ այո, ինչպես աշխատանքը ցույց է տալիս, ցեղասպանության փորձեր կարող են ծագել այսօր աշխարհում եռացող բազմաթիվ ազգային, կրոնական և քաղաքական հակամարտություններից»,- ասված է համալսարանի կայքում առարկայի վերաբերյալ հրապարակված հոդվածում։

Հոլոքոստի մասին կուրսը դասավանդող պրոֆեսոր Նենսի Հարովիցի պնդմամբ՝ նախորդ և ներկա դարաշրջանում աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններն ուսումնասիրելով՝ «իրենք պաշտպանում են հիշողությունը»։

«Իմ փաստարկն է՝ եթե մենք չենք կարող կանխել ցեղասպանությունը որպես այդպիսին, երկարաժամկետ հեռանկարում մենք կարող ենք կրթության միջոցով լույս սփռել ատելության զգայական կողմերի վրա»,- ասում է պրոֆեսորը։

«Ատելությունը ձեռքբերովի զգացում է,- կարծում է հայոց պատմության և գրականության պրոֆեսոր Սիմոն Փայասլյանը։ – Մենք դրանով չենք ծնվում։ Կարելի է դրանից ձերբազատվել։ Ցեղասպանություն կարող է տեղի ունենալ ամենուր»։

Հոլոքոստի և ցեղասպանության մասին դասընթացի շրջանակում ուսանողները կանցնեն հետևյալ կուրսերը՝ Հայոց ցեղասպանություն, Եվրոպական ֆաշիզմ, Ցեղասպանության կանխարգելում, Մարդու միջազգային իրավունքների պատմություն, Հրեական բիոէթիկա և Հոլոքստի ուսումնասիրություն։

Մեկնաբանել