Թաթոյանը ՄԱԿ-ի հանձնակատարին է փոխանցել Բաքվի վայրագությունների մասին ԼՂՀ օմբուդսմենի զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին է փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները և Արցախ այցի նրա հրավերը։

Ինչպես հաղորդում են օմբուդսմենի գրասենյակից, նոյեմբերի 25-ին Արման Թաթոյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնի հետ:

Թաթոյանը հանձնակատարին է ներկայացրել այս տարվա ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած՝ մարդու իրավունքների հիմնարար խախտումները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով:

ՀՀ օմբուդսմենը գերագույն հանձնակատարին է փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցները, ինչպես նաև արգելված զինատեսակների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ թիրախավորված հարձակումների վերաբերյալ տվյալները՝ կոնկրետ փաստերով:

Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նիստի ընթացքում գերագույն հանձնակատարն իր բացման խոսքում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չունի և այդ իսկ պատճառով չի տիրապետում այնտեղ մարդու իրավունքների վիճակին:

Այս կապակցությամբ Արման Թաթոյանը հանձնակատարին է փոխանցել ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի՝ Արցախ այցելելու հրավերը:

Թաթոյանն ընդգծել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության կարևորությունը միջազգային մակարդակի հանդիպումներին, քանի որ դա կապ չունի որևէ քաղաքական հարցի հետ և ունի բացառապես իրավապաշտպան և կանխարգելիչ նպատակներ:

Մեկնաբանել