Վրաստանում բողոքում են «Գազպրոմ Էքսպորտ»-ի հետ համաձայնագրի դեմ

Վրաստանի քաղաքացիական հանրությունը բողոքում է Վրաստանի իշխանությունների և ռուսաստանյան «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի միջև համաձայնագրի դեմ։ Ինչպես հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն»-ը, այսօր երեկոյան Վրաստանի կառավարության մոտ նախատեսված է բողոքի ակցիա, որն անցկացնելու է «Պաշտպանի՛ր ազատությունը» պլատֆորմը։

«Վրաստանի կառավարությունը համաձայնել է «Գազպրոմ»-ի պահանջին, այսպիսով, այն, ինչ չկարողացավ անել Բիձինա Իվանիշվիլին անցյալ տարի ընդդիմության և քաղաքացիական հատվածի հակազդեցության պատճառով, այս տարի մեզ մատուցվում է որպես կայացած փաստ»,- ասված է պլատֆորմի հայտարարությունում։

«Համաձայնագրի կնքումից հետո, որը նախատեսված է մոտ ժամանակներում, երկիրը գազատարով տարանցված գազի դիմաց վճարը կստանա փողով ամենաանհուսալի գործընկերոջից։ Դա մեզ դնում է ոչ շահեկան դրության մեջ․ նախորդ համաձայնագիրը Վրաստանի համար ավելի շահեկան էր։ Մեր ձայնը կհասցնենք կառավարությանը ու հնարավորություն չենք տա համաձայնելու Վրաստանի համար ոչ ձեռնտու պայմաններին»,- նշում են ակցիայի կազմակերպիչները՝ կոչ անելով մասնակցել բողոքի ակցիային նրանց, ովքեր «չեն ուզում, որ երկիրը լինի կախման մեջ Պուտինից»։

Երեկ «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը քննադատել էր նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, իրենց դժգոհությունն են հայտնել Վրաստանի 80 ոչ կառավարական կազմակերպություններ։ Ինչպես փոխանցում է civil.ge կայքը, Մարգվելաշվիլին ասել է, որ նոր պայմանները վատթարացնում են երկրի էներգետիկ սեկտորը և վնաս հասցնում Վրաստանի քաղաքական ու տնտեսական շահերին։ Նա նաև կոչ է արել խորհրդարանին ներկայացնել նոր նախագիծ՝ գործարքի հետ կապված «ռիսկերն ու վտանգները նվազեցնելու վերաբերյալ»։

Կառավարությունը կայացրել է «օպտիմալ որոշում»․ Կալաձե

Հունվարի 11-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմ Էքսպորտ»-ի ղեկավարության հետ բանակցությունների երրորդ փուլից հետո հայտարարել էր, որ կառավարությունը «օպտիմալ որոշում» է կայացրել՝ ընդունելով «Գազպրոմ»-ի պայմանները Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման վերաբերյալ։

Ըստ համաձայնության՝ երկամյա համաձայնագրի առաջին տարում մասամբ կպահպանվի տարանցման դիմաց գազով վճարումը, իսկ երկրորդ տարում անցում կկատարվի ամբողջությամբ փողով վճարմանը։

««Գազպրոմ»-ի հարցը ավելին է, քան բիզնես գործարք, դա նախևառաջ՝ անվտանգություն է, արտաքին քաղաքականություն և աշխարհաքաղաքականություն, ապա՝ էներգետիկա և տնտեսություն»,- հունվարի 17-ին հայտարարել է նախագահի խոսնակ Էկա Միշվելաձեն։

«Այդ պատճառով երկրի ղեկավարը խորհրդարանին կոչ է անում կատարել իր սահմանադրական պարտականությունը և ամրապնդել իր վերահսկիչ գործառույթը, ինչպես նաև ներկայացնել նախագիծ ռիսկերի և վտանգների նվազեցման վերաբերյալ»,- ասել է խոսնակը։

Կախա Կալաձեի և «Գազպրոմ Էքսպորտ»-ի միջև բանակցությունների նախորդ երկու փուլերն անցկացվել էին անցյալ տարի՝ դեկտեմբերի 13-ին և դեկտեմբերի 23-ին, սակայն որևէ արդյունքի չէին բերել։

Գործող համաձայնագրով, որի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին, Վրաստանը ստանում է Ռուսաստանից Հայաստան տարանցվող գազի 10 տոկոսը։ «Գազպրոմ»-ը պնդում է, որ տարանցման դիմաց վճարի ոչ թե գազով, այլ փողով, որն անընդունելի էր վրացական կողմի համար։ Անցյալ տարի Վրաստանը մերժել էր ռուսական կողմի առաջարկը և ապրիլին կնքել համաձայնագիր, որով պահպանվել էին գործող պայմանները։

««Գազպրոմ Էքսպորտ»-ը վրացական կողմին արել է փաթեթային առաջարկ օպտիմալ և փոխշահավետ պայմաններով, որը թույլ կտա վրացական կողմին ապահովել գազի տարանցման ծառայություններից երաշխավորված եկամուտ և բարձրացնել Վրաստանի գազամատակարարման հուսալիությունը»,- Վրաստանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է «Գազպրոմ Էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան։

Ընկերության մամուլի հաղորդագրությանը կցված տեղեկանքում նշվում է, որ գազի համաշխարհային առևտրում տարանցման համար «հումքով վճարումն արդեն երկար տարիներ է՝ չի կիրառվում»։

Լուսանկարը՝ 2016թ․ Թբիլիսիում Գազպրոմի հետ բանակցությունների դեմ անցած բողոքի ակցիայից

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել