Ընտրությունները լավ էին կազմակերպված, կարծում են միջազգային դիտորդները (լրացված)

Միջազգային դիտորդների կարծիքով՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները մշտադիտարկող միջազգային դիտորդները ապրիլի 3-ին մամուլի ասուլիս էին հրավիրել։ Դիտորդները ներկայացնում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանը (ԵԽ)։

Դիտորդները նշեցին, որ չնայած նոր տեխնոլոգիաների ներդրմանը՝ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկությունները և քաղաքացիական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին տեղեկությունները։

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը նշեց, որ Հայաստանում ներդրված նոր ընտրական համակարգը բավականին բարդ է, և այն իրացնելու համար ժամանակ է պետք։

Ըստ դիտորդների՝ ընդհանուր առմամբ նկատվել է ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակաս։ Քվեարկության օրը հանդարտ և խաղաղ է եղել, սակայն նկատվել են կազմակերպչական խնդիրներ և անհարկի միջամտություն գործընթացի նկատմամբ՝ հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։

Դիտորդները հայտարարեցին, թե քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է հասունություն ցուցաբերել և հրաժարվել անցյալի գործելակերպից։

Դիտորդներից մի քանիսը նշեցին ընտրատեղամասերից դուրս ընտրողների վրա ճնշման փորձերի մասին, փաստեցին, որ տեղի է ունեցել ձայների առք, որոշ քաղաքական ուժեր ազդել են ընտրողների ազատ ընտրելու իրավունքի վրա։

ՍիվիլՆեթի հարցին, թե կոնկրետ որ կուսակցությունների կամ դաշինքների մասին է խոսքը, դիտորդները չկարողացան պատասխանել՝ ասելով, որ չգիտեն։ «Մենք այստեղ չենք եկել իրենց «լավ» կամ «վատ պահած» կուսկացությունների անուններ տալու, մենք ընդհանրացված գնահատական ենք տալիս։ Այն, որ Հայաստանում ընտրություններին կարելի է ընտրողի ձայնը գնել, արդեն խնդիր է, երկրորդական է, թե ով է գնում ձայները», – հավելեց կարճաժամկետ դիտորդների ԵԱՀԿ դիտորդական առաքելության կոորդինատոր Իգնասիո Սանչես Ամորը։

Մեկնաբանել