Վրաստանի վարչապետը առաջարկել է պատրաստել հայ-վրացական համատեղ զբոսաշրջային փաթեթներ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Ինչպես հաղորդում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը, Բաբլոյանի և Կվիրիկաշվիլիի հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին:

Վրաստանի վարչապետը խոսել է վրաց-հայկական կայուն զարգացող հարաբերությունների մասին՝ միաժամանակ նշելով, որ առկա 400 միլիոն դոլար կազմող առևտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել:

Վրաստանի վարչապետն իր խոսքում ընդգծել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Գիորգի Կվիրիկաշվիլին երկկողմ համագործակցության զարգացման համար առավել կարևոր ոլորտներից հատկապես առանձնացրել է զբոսաշրջությունը:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ անհրաժեշտ է պատրաստել համատեղ տուրիստական փաթեթներ: Վրաստանի վարչապետը միաժամանակ հավաստիացրել է, որ Վրաստանը «բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները ցանկացած ոլորտում»:

Ակնարկ 

2016թ․ Վրաստան այցելել է 6,350,825 զբոսաշրջիկ, ինչը 7,6 տոկոսով գերազանցում է 2015թ․ ցուցանիշները։

Զբոսաշրջիկների ամենամեծ թիվը գրանցվել է Ադրբեջանից (1,523,075), ապա՝ Հայաստանից (1,496,246), որից հետո Թուրքիայից (1,254,089): Չորրորդ տեղում ռուսաստանցի զբոսաշրջիկներն են՝ 1,037,564։

Վրաստանում միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2016թ․ կազմել է 1,7 մլրդ դոլար, ինչը 177 մլն-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները։

2016թ․ Հայաստան է այցելել 1,259, 657 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 5,7 տոկոս։