Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի նոր կազմակերպություն է ստեղծվում

Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի նոր կառույց է ստեղծվում՝ «Ռուսաստանի ադրբեջանական կոնգրես», որը կփոխարինի անցյալ տարի լուծարված «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը»։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով ակադեմիկոս Ֆազիլ Ղուրբանովին, «դա հնարավոր տարբերակներից մեկն է»։

Ակադեմիկոսի խոսքով՝ «Ռուսաստանի 70 սփյուռքյան կազմակերպություններ դիմել են իրեն՝ նոր կառույց ստեղծելու հարցով»։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությանը առաջիկա ընտրություններում աջակցելու նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու առաջարկ է ստացվել։

«Մենք միաժամանակ ստեղծել ենք շտաբ՝ ի աջակցություն Վլադիմիր Պուտինի։ Այդ կապակցությամբ դիմել ենք Պուտինի նախընտրական շտաբին և «Համառուսաստանյան ժողովրդական ճակատին»»,- հայտնել է Ղուրբանովը։

Վերջինս ասել է, որ Ռուսաստանի բոլոր ադրբեջանական համայնքներում արդեն ստեղծվել են շտաբեր ի աջակցություն Պուտինի թեկնածության․ նոր կազմակերպության հիմնադրման ճանապարհային քարտեզը պատրաստ է, անցկացվել են խորհրդակցություններ։

***

2017թ․ մայիսի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է արդարադատության նախարարության հայցը՝ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ։ Քայլը պայմանավորված է կազմակերպության կանոնադրության՝ ՌԴ օրենսդրությանն «անհամապատասխանության» պատճառով:

Որոշումից հետո Բաքվում հայտարարեցին, որ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» լուծարումն ու «Ռուսաստանի հայերի միությանը» ցուցաբերվող լիակատար աջակցությունը կարող են դիտարկվել որպես ՌԴ ադրբեջանական և հայկական փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ «անհավասարակշռության դրսևորում», ինչը կարող է «բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ միջնորդական դերի վրա»։

Ավելի ուշ, երբ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիան ուժի մեջ է թողել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» լուծարման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը Ռուսաստանին մեղադրել է «ոչ բարեկամական քայլ անելու» մեջ։

Մեկնաբանել