Նիդեռլանդները պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Անկարայում Նիդեռլանդների գործերի հավատարմատարը շաբաթ օրը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է թուրքական կողմի դժգոհությունը Նիդեռլանդների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու նախագծերի առնչությամբ։

Ինչպես հաղորդում է նիդեռլանդական nltimes.nl կայքը, չորս իշխող կուսակցությունները հավանություն են տվել պահպանողական «Քրիստոնեական միություն» կուսակցության երկու նախագծերին։ Reuters-ը գրում է, որ նախագծերը խորհրդարանի քննարկմանը կդրվեն առաջիկա շաբաթներին։ Նախագծերից մեկով նախատեսվում է 1915-ին տեղի ունեցածը ճանաչել որպես «ցեղասպանություն», երկրորդով առաջարկվում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստան ուղարկել նիդեռլանդացի պաշտոնյա։

Nltimes-ը հավելում է, որ որոշումը է՛լ ավելի կսրի Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները։

«Մինչև այժմ Նիդեռլանդները պաշտոնապես չէր ճանաչել ցեղասպանությունը՝ մշտապես խոսելով «հայերի ցեղասպանության հարցի» մասին։ Սակայն խորհրդարանական մեծամասնությունը վստահ է, որ եկել է այդ իրողությունը փոխելու ժամանակը»,- նշում է նիդեռլանդական պարբերականը և մեջբերում «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Վուրդեվինդին, որն ասել է․ «Մենք չենք կարող հերքել պատմությունը՝ վախենալով պատժամիջոցներից։ Ի վերջո, մեր երկրում է գտնվում միջազգային իրավունքի մայրաքաղաքը, ուստի այստեղ նույնպես չպետք է վախենանք ճիշտ բանն անելուց»։

Էրդողանը Նիդեռլանդներին մեղադրել է Սրեբրենիցայի ջարդերն իրականացնելու մեջ

Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունները լարվեցին անցյալ տարի, երբ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ արգելվեց թուրք նախարարների մուտքը Նիդեռլանդներ՝ այնտեղ քարոզարշավ իրականացնելու համար։ Վերջերս հարաբերությունները վերականգնելու փորձերը մատնվեցին անհաջողության, և Նիդեռլանդները պաշտոնապես հետ կանչեց Թուրքիայում իր դեսպանին։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Նիդեռլանդների որոշմանը արձագանքել է պաշտոնական Անկարան։ ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյն ասել է․ «1915թ․ իրադարձությունների՝ պատմական համատեքստից դուրս քաղաքականացումն անընդունելի է»։

Թուրքիայի հետ պետք է բանակցվի նոր փաստաթուղթ․ Սերժ Սարգսյան

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել