Շփման գծում հետաքննական մեխանիզմը կփրկի 18 տարեկանների կյանքը․ Ազնավուրի հարցազրույցը՝ UN Special-ին

Մարտի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակի կողմից հրատակվող UN Special ամսագրի մարտյան համարում լույս է տեսել Շվեյցարիայում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի ընդարձակ հարցազրույցը, որը կրում է «Արտակարգ երեկո Վիկոտրիա հոլ սրահում» (An extraordinary evening at Victoria hall) խորագիրը` նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ․ նոյեմբերի 24-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված մեծ համերգին:

Հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին գագաթաժողովին Շվեյցարիայում։

Շառլ Ազնավուրը կարևորում է ղաաբաղյան շփման գծում հետաքննական մեխանիզմի ներդրումը, որին պարբերաբար կոչ են անում միջնորդները։

«Հուսամ՝ հարևան երկիրը կհամաձայնի և չի խոչընդոտի այս մեխանիզմի ներդրմանը։ Այն կփրկի 18 տարեկան տղաների, խաղաղ բնակիչների կյանքը։ Համանախագահները նաև իշխանություններին կոչ են անում ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Հուսով եմ՝ նրանց ձայնը կլսվի։ Սումգայիթից 30 տարի անց միջազգային համայնքը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, պետք է լինի ավելի զգոն և ուշադիր խաղաղ կարգավորումն առաջ տանելու հարցում։ Այն չունի այլընտրանք»,- ասել է դեսպան Ազնավուրը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին, որը «հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ միջոցառումը»։

Լուսանկարում՝ Շառլ Ազնավուրը Տաթևի վանական համալիրում, 2017թ․ մայիսի 31

Մեկնաբանել