Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. Մամուկա Բախտաձե

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և դա հսկայական նվաճում է․ Բաքվում օգոստոսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին անգամ Բախտաձեն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։

«Ուրախ եմ, որ մեր երկրների միջև առևտրի ծավալն ավելանում է։ Մեր ակնկալիքներով՝ այս տարի կհասնենք մեկ մլրդ դոլարի շեմին, սակայն այս թիվն էլ չի համապատասխանում մեր ամբողջ ներուժին։ Վստահ եմ՝ երկու տարուց կարող ենք ավելացնել առևտրի ծավալները 50-60 տոկոսով»,- ասել է Բախտաձեն։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ կարևոր նախագծեր են իրականացնում։

«Տրանսպորտային ոլորտում մեր համատեղ նախաձեռնությունները շատ կարևոր են Եվրոպայի ու Ասիայի համար»,- նշել է Բախտաձեն։

Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է և ասել է, որ առևտրի ծավալներն ավելացնելու համար հավելյալ ջանքեր են պետք։

Երեկ Բաքվում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի և Դավիդ Զալկալիանիի հանդիպումը։ Վերջինս բանակցությունները բնութագրել է որպես «շատ լավ և արդյունավետ»։ Երկկողմ հարաբերությունները, ըստ Զալկալիանիի, «արտակարգ են»։

Մեկնաբանել