Հավատացած ենք` նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Սվիտալսկի

Եվրամիությունը կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում: Ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և Տավուշ:

Դրանք բազմաբնույթ են և ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ հայտնել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Եվրամիության կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես գաղափարների ֆինանսավորմանը՝ մասնավորապես, փոքր բիզնես ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ. խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք նախաձեռնել ենք նաև ֆինանսավորում այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի վերամշակման կենտրոնների ծրագրերը»,- նշել է Հայաստանում Եվրամիության դեսպանը:

Եվրամիությունը կշարունակի նաև աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն և՛ ինստիտուցիոնալ, և՛ օրենսդրական կառույցների առկայություն»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

Մեկնաբանել