Հայաստանում աղքատությունը նվազել է 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2019 զեկույցը, համաձայն որի՝ 2018թ․ աղքատության մակարդակը գնահատվել է 23,5% և 2017-ի համեմատ նվազել է 2,2 տոկոսային կետով, իսկ 2008թ. աղքատության մակարդակի համեմատ (27,6%) նվազել է 4,1 տոկոսային կետով:

2018-ին աղքատների ընդհանուր թիվը կազմել է մոտ 700 000 մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից չափավոր աղքատների թիվը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 315 000, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թիվը` 30 000 մարդ: Նախորդ տարվա համեմատ նվազել է ինչպես աղքատների ընդհանուր թիվը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թիվը:

2017թ. ընդհանուր թիվը կազմել էր 766 000 մարդ, ծայրահեղ աղքատների թիվը` մոտ 42 000 մարդ:

2018-ին 16 և բարձր տարիքի մարդիկ նշել են, որ շատ լավ ապրելու համար մեկ մարդուն անհրաժեշտ է 589 000 դրամ (1 220 դոլար), լավ ապրելու համար՝ 246 000 դրամ (509 դոլար), գոյատևելու համար՝ 99 000 դրամ (205 դոլար)։ 5 տարի առաջ՝ 2014-ին, 16 և բարձր տարիքի բնակչությունը նշել էր, որ շատ լավ ապրելու համար մեկ մարդուն պետք է 1 298 000 դրամ կամ 3 120 դոլար, լավ ապրելու համար՝ 294 000 դրամ կամ 707 դոլար, իսկ գոյատևելու համար՝ 85 000 դրամ կամ 205 դոլար։

Վիճակագրական կոմիտեի զեկույցում նշվում է, որ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63,2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,1% կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների՝ ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին։

Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1,0 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,02%-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության եւ ապահովելով բարձր հասցեականություն:

Նկատենք, որ աղքատության սուբյեկտիվ գնահատականով մարդիկ նշել են, որ գոյատևելու համար մեկ անձին ամսական պետք է 99 000 դրամ՝ ավելի քան երկու անգամ մեծ գումար, քան կազմում է աղքատության վերին գիծը։

*Մեթոդաբանություն

Հայաստանում 2018-ն աղքատ են համարվել նրանք, ում ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից՝ 42 621դրամ։ Չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 35 071 դրամ, իսկ ծայրահեղ աղքատ են գնահատվել նրանք, ում ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով 24 827 դրամից ցածր է եղել։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել