2019-ը Արցախում. քաղաքական 7 իրադարձությունները

2019-ը Արցախում անցավ 2018-ի իներցիայով՝ ներքաղաքական բուռն զարգացումներով ու շարունակվող քաղաքական ազատականացմամբ: Ի տարբերություն նախորդ` մինչհեղափոխական տարիների, երբ ամեն ինչ կանխատեսելի, կայուն ու ձանձրալի էր, 2019-ը առատ էր քաղաքական տարատեսակ գործընթացներով ու իրադարձություններով: 2019-ին Արցախում ուշարժան էին հետևյալ յոթ իրադարձությունները:

7․ Սամվել Բաբայանի վերադարձը Արցախի քաղաքական կյանք

Գլխավոր քաղաքական ինտրիգներից մեկը 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցության հարցն էր: Բաբայանը երկար տարիներ գտնվում էր Արցախից դուրս և չուներ արցախյան գրանցում: Արցախի Սահմանադրությամբ նա իրավունք չունի մասնակցել ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական ընտրություններին: Այդ իսկ պատճառով Բաբայանն ու նրա համակիրները 2019-ի սկզբին նախաձեռնեցին մի գործընթաց, որի նպատակը սահմանադրության համապատասխան կետերի փոփոխությունն էր, ինչը թույլ կտար նրան մասնակցել հաջորդ տարվա ընտրություններին: Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար Բաբայանի թիմից պահանջվում էր 10,000-ից ավելի ստորագրություն հավաքել: Այդ նպատակին հասնելու համար Բաբայանը մի քանի ամիս անձամբ քարոզարշավ իրականացրեց՝ շրջելով Արցախի գրեթե բոլոր բնակավայրերով և հանդես գալով իշխանությունների սուր քննադատությամբ:

Հուլիսի վերջին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնեց, որ Սամվել Բաբայանի թիմը 21,000 ստորագրություն է ներկայացրել: Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովը մերժեց Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու այդ նախագիծը: Դա գործնականում նշանակում է, որ Սամվել Բաբայանը չի կարողանալու մասնակցել ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ նախագահական ընտրություններին:

Սա ի սկզբանե կանխատեսելի արդյունք էր: Ակնհայտ էր, որ Բաբայանը կարող է հասնել իր նպատակին միայն փողոցային պայքարի միջոցով: Բաբայանն իր թիմակիցների հետ այդպես էլ վճռական քայլերի չդիմեց:

Այնուամենայնիվ, այս ողջ գործընթացը ցույց տվեց, որ Արցախում իշխանություններից դժգոհ և իրական փոփոխություններ ցանկացող հազարավոր մարդիկ կան, որոնց այլևս հնարավոր չէ լռեցնել:

6. Օգանովսկու հեռացումը բանակից

2019-ի սկզբի կարևոր իրադարձություններից էր ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հրաժարականը: Կարապետյանը, որը Սերժ Սարգսյանի մերձավորներից է, տարիներ շարունակ եղել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային դեմքերից մեկը: Նրան շատերը համարում էին Պաշտպանության բանակի ամենաազդեցիկ գեներալը: Կարապետյանի անունը շոշափվում է նաև Մարտի 1-ի գործում:

Սամվել Կարապետյանի հրաժարականը ՀՀ նոր իշխանությունների կողմից վարվող բանակի ապաքաղաքականացման քաղաքականության արդյունքն է, որը սկսվել էր 2018-ի վերջին` ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկությամբ:

Կարապետյանը, սակայն, շարունակում է մնալ «Ազատամարտիկների միություն» ռազմականացված հասարակական կազմակերպության նախագահը և դեռևս որոշակի ազդեցություն ունի ներքաղաքական գործընթացների վրա:

5. ՀՀ և ԼՂՀ իշխանությունների հակասությունների սրումը

2019-ը նշանավորվեց նաև ՀՀ իշխանությունների և ԼՂՀ իշխող էլիտայի միջև առանց այդ էլ լարված հարաբերությունների վատթարացմամբ: Բակո Սահակյանն իր մերձավոր շրջապատի հետ անցնող տարում ևս շարունակում էր մնալ ռևանշիստական ուժերի վերջին լուրջ հենարանը Հայաստանում: ՀՀ և ԼՂՀ իշխանությունների միջև հրապարակային առճակատումը, անշուշտ, համակարգվում ու ուղղորդվում էր Սերժ Սարգսյանի կողմից, որը հաճախ այցելում էր Արցախ և տարբեր ձևաչափերի հավաքույթներ կազմակերպում իր թիմակիցների հետ: Այս գործընթացում առաջնային դեր էր տրվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որը դարձել է Նիկոլ Փաշինյանի արցախյան գլխավոր ընդդիմախոսը և պարբերաբար սադրիչ հայտարարություններով էր հանդես գալիս ՀՀ իշխանությունների վերաբերյալ:

Բալասանյանի հռետորաբանությունը տարվա երկրորդ կեսին` իր պաշտոնանկությունից հետո, ավելի սրվեց ու դարձավ ավելի սպեկուլյատիվ` աստիճանաբար մարգինալացնելով նրան: Այնուամենայնիվ, ուժայինների ճամբարից որևէ գործիչ կամ կուսակցություն 2020-ի համապետական ընտրություններում լուրջ հաջողության հասնելու իրական շանսեր չունեն:

4. Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Ստեփանակերտում

Անցող տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունների մասին խոսելիս` անհնար է չհիշատակել օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասին, որը ցույց տվեց արցախյան հասարակության վերաբերմունքը թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ իշխանությունների նկատմամբ: Այդ օրը Բակո Սահակյանի ելույթի ընթացքում հարյուրավոր մարդիկ սուլում էին նրան ու վանկարկում «Բակո, հեռացի՛ր»: Արցախյան զուսպ ու օրինապաշտ հասարակության համար դա քաղաքական բողոք արտահայտելու նոր ու արտառոց միջոց էր:

Բակո Սահակյանի համար էլ այդպիսի արձագանքը իրականության հետ առերեսման առաջին փորձն էր: Այդ հանրավաքը կարևոր էր նաև Թավշյա հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ մոգոնվող քարոզչական միֆերի հերքման ու կարծրատիպերի ոչնչացման առումով:

Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Սահակյանի, ջերմ ընդունելության արժանացավ հրապարակում հավաքված ժողովրդի կողմից: Հանրահավաքը ցույց տվեց, որ ՀՀ նոր իշխանությունների ու արցախյան հասարակության միջև լուրջ հակասություններ չկան, ինչպես փորձում էին ներկայացնել որոշ շրջանակներ:

Հատկանշական էր հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։

3. ՏԻՄ ընտրությունները

Սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում բավական հետաքրքիր արդյունքներ արձանագրվեցին: Մայրաքաղաք Ստեփանակերտում ընտրությունները ապաքաղաքական էին: Խորհրդարանում ներկայացված ուժերը քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել: Քաղաքապետի 5 թեկնածուներից 4-ը ինքնաառաջադրվել էին: Ընտրապայքարը չնայած մրցակցային էր, բայց զրկված էր քաղաքական որևէ օրակարգից: Այդ ամենի արդյունքում առաջնային պլան էին դուրս եկել ընկերական ու ազգակցական կապերը: Այդ իսկ պատճառով հաղթեց ամենամեծ շրջապատ ունեցող թեկնածուն:

Շրջաններորում իրավիճակը քաղաքական առումով ավելի հետաքրքիր էր: Մի շարք բնակավայրերում կար ընդգծված բաժանում իշխանական ու ընդդիմադիր թեկնածուների միջև: Մի քանի խոշոր քաղաքներում ու գյուղերում, ինչպիսիքն են Հադրութը, Տողը ու Նորագյուղը, իշխանական թեկնածուները պարտություն կրեցին:

2. Համապետական ընտրությունների մեկնարկը

2019-ը անցավ չհայտարարված ու ոչ պաշտոնական քարոզարշավի պայմաններում: Քաղաքական բոլոր դերակատարները տարվա սկզբից սկսեցին ակտիվորեն պատրաստվել 2020-ի համապետական ընտրություններին: Շարունակվեց նաև 2018-ին մեկնարկած կուսակցաշինության գործընթացը: Զգալիորեն բարձրացավ հասարակության քաղաքականացվածության մակարդակը: Հայտնի դարձան նաև նախագահի հիմնական թեկնածուների անունները:

Ներկայում նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է 9 թեկնածու: Խորհրդարանում ներկայացված 5 կուսակցություններից 4-ը սեփական թեկնածուով է մասնակցելու 2020-ի նախագահական ընտրություններին: Սա պայմանավորված է ինչպես քաղաքական ազատականացմամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ խորհրդարանական և նախագահական ընտրությունները անցկացվելու են նույն օրը, և երկու ընտրարշավ անցկացնելու համար հավելյալ միջոցներ չեն պահանջվելու:

Այս ոչ պաշտոնական քարոզարշավի առանձնահատկություններից մեկն այն է, որ որոշ ուժեր արդեն իսկ հսկայական գումարներ են ծախսում ընտրողներին սիրաշահելու համար: Տարբեր նորաստեղծ հիմնադրամների միջոցով մարդկանց ցածր տոկոսներով վարկեր են տրամադրվել, հարյուրավոր ուսանողների համար անվճար էքսկուրսիաներ են կազմակերպել դեպի Ռուսաստանի ու Հայաստանի տարբեր քաղաքներ, իսկ նորաստեղծ կուսակցություններից մեկը ամանորյա նվերներ է տալիս 2-ից 6 տարեկան բոլոր երեխաներին:

1. Արցախի հանրային հեռուստատեսությունը ավելի բաց դարձավ

Քաղաքական ազատականացման պատճառով 2019-ին Արցախի հանրային հեռուստատեսությունը ավելի բաց դարձավ հասարակության համար: Վերջին տասնամյակում «սև ցուցակում» գտնվող ընդդիմադիր գործիչներ հնարավորություն ստացան մասնակցել տարբեր հաղորդումների և իրենց կարծիքները արտահայտել հանրայինի եթերով: Սա, անշուշտ, դրական զարգացում է: Զավեշտալին սակայն այն է, որ Արցախի ընդդիմադիր գործիչները շարունակում են մնալ Հայաստանի հանրային հեռուստատեսության «սև ցուցակում»:

***

Ընդհանուր առմամբ, 2019-ին Արցախը քաղաքականապես ճիշտ ուղղությամբ էր շարժվում: Մրցակցության առկայությունը վերակենդանացրել է քաղաքական դաշտը և հնարավորություն տվել մարդկանց ակտիվորեն ներգրավվել քաղաքականության մեջ: Դեռևս կա ռեսուրսների խիստ կենտրոնացվածություն, ինչը էապես բարդացնում է իշխանական ճամբարների դեմ պայքարը, այնուամենայնիվ, վերջին տասնամյակում առաջին անգամ քաղաքական լուրջ փոփոխություններ իրականացնելու հնարավորություն է ստեղծվել, որը արցախյան հասարակությունը պետք է օգտագործի գալիք տարում:

Մեկնաբանել