Կորոնավիրուսից հետո կյանք կա, բայց այնտեղ մեծ ծավալների է հասնելու աղքատությունը․ քննարկում

Կորոնավիրուսից հետո կյանք կա, բայց այնտեղ մեծ ծավալների է հասնելու աղքատությունը: Պետության խնդիրն է՝ այս պահից սկսած մշակել աղքատության հաղթահարման երկարատև ու ինստիտուցիոնալ ծրագրեր: Այս մասին ապրիլի 15-ին «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Կառավարության սոցիալական ծրագրերի հասցեականությունն ու հասանելիությունը» թեմայով տեսաքննարկման ժամանակ հայտարարեց «Վորլդ Վիժն» Հայաստանի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը:

«Այժմ պետությունը սոցիալական ծրագրերի միջոցով փորձում է ճգնաժամից տուժած քաղաքացիներին օպերատիվ բնույթի աջակցություն ցուցաբերել, որպեսզի մարդիկ սոված չմնան և ստիպված չլինեն գումար հայթայթելու համար տներից դուրս գալ, ինչը կարող է հանգեցնել համաճարակի ավելի մեծ բռնկման», – նկատում է Մուրադյանը՝ հավելելով, որ կորոնավիուսից հետո Հայաստանի սոցիալական պատկերը էապես փոխված է լինելու: Ուստի անհրաժեշտ է վերադասավորել ու վերակազմակերպել մինչև կորոնավիրուսի համաճարակը մշակած սոցիալական ծրագրերն ու ռազմավարությունները:

«Ամենը, ինչ գրվել էր այն կյանքի համար, որ մենք ապրում էինք երեք ամիս առաջ, պետք է վերանայվի, և առաջնահերթությունները պետք է փոխվեն: Անհրաժեշտ կլինի վերանայել այն ծրագրերը, որոնք ուղղված են խոցելի խավերին, քանի որ փոխվելու և ավելանալու է գործազրկության տոկոսը: Մենք չենք կարող վերադառնալ նորմալ կյանք և շարունակել ապրել այնպես, ինչպես պլանավորել էինք երեք ամիս առաջ», – ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ նոր իրավիճակում անհրաժեշտ է պետության և հասարակության տարբեր խմբերի ջանքերի համադրում:

«Պետական աջակցությունը պետության բյուջեից է գալիս, որը խիստ սահմանափակ է: Իսկ սա նշանակում է, որ այստեղ շատ կարևոր է անհատ քաղաքացու գիտակցությունը, թե ինչպես նա կարող է օգնել կարիքի մեջ գտնվող մարդուն: Բարեբախտաբար, կան նախաձեռնություններ ու անհատներ, որոնք ինքնակազմակերպվել ու օգնության ձեռք են մեկնել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Պետք է հասկանալ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միայնակ չի կարող լուծել այս անգրկելի ծավալի սոցիալական խնդիրները», – շեշտեց Աիդա Մուրադյանը:

Խնդրի կարևորությունը հասկանում է նաև պետությունը, նկատում է քննարկմանը մասնակցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը․ «Բոլոր այն լուծումները, որ այս պահին տալիս ենք և բոլոր այն քննարկումները, որ ունենում ենք, միտված են հենց սոցիալական խնդիրներին երկարատև ու կայուն լուծումներ տալուն: Դրանց մասին մոտ ապագայում ավելի հանրային կխոսենք»։

Բացի այդ, փոխնախարարի խոսքով, կառավարությունն այժմ փորձում է կանխատեսումներ անել․ «Այս առումով փոփոխություններ լինելու են թե՛ կառավարության, թե՛ մասնավորապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ռազմավարության և գործիքակազմի մեջ: Մենք բուռն քննարկումների մեջ ենք»։

«Անորոշությունները շատ-շատ են, ինչը կարող է բարձրացնել մեր կանխատեսումների սխալականությունը: Քննարկում ենք խոցելիության գնհատման համակարգի, զբաղվածության զարգացման ծրագրերի փոփոխությունը: Պետք է հասկանանք, թե ապագայում աշխատաշուկան ինչպիսին է լինելու: Այո՛, սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանալու է: Կորոնավիրուսի ավարտը դեռ չի նշանակում այս խնդիրների ավարտ: Կորոնավիրուսի ավարտը ինչ-որ իմաստով կարող է այլ խնդիրների սկիզբ լինել», – եզրափակեց Գասպարյանը։

Կառավարությունը շուրջ 50 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման նպատակով:

Քննարկումն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանել