Արցախի բնակչությունը 1823-ից մինչև 2020

Արցախի բնակչության թիվն այսօր կազմում է շուրջ 150 հազար: Ճանաչված և չճանաչված պետությունների շարքում Արցախը ամենանոսր բնակեցված երկրներից է:

Արցախի տարածքը կազմում է մոտավորապես 11,5 հազար քառակուսի կիլոմետր, որից 4,4 հազարը նախկին ԼՂԻՄ-ն է, իսկ մնացածը հանրապետության մաս է կազմել 1991-1994թթ․ ռազմական գործողությունների արդյունքում:

Պատկերացում կազմելու համար, թե որքան նոսր է Արցախի բնակչությունը, այն պետք է համեմատել անմիջական հարևան և տարածաշրջանի այլ երկրների հետ: Այսպես, շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի բնակչությունը 3 միլիոնին մոտ է, այսինքն՝ մոտ 100 մարդ 1 քառակուսի կիլոմետրի վրա: Արցախում 1 քառակուսի կիլոմետր տարածքի վրա բնակվում է 13 մարդ:

Եթե Արցախը համեմատենք Հայաստանի մարզերի հետ, ապա կրկին այն ամենանոսր բնակեցվածն է:

Տարածքով Արցախի մեծությամբ պետություններից են Կոսովոն, Լիբանանը և Կիպրոսը: Լիբանանի բնակչությունը 6 միլիոնից ավելի է, Կոսովոյինը մոտենում է 2 միլիոնին, իսկ Կիպրոսինը 1,2 միլիոն է:

Բացարձակ այս համեմատությունները գուցե տեղին չեն, բայց մենք դա անում ենք՝ ցույց տալու, թե որքան նոսր է Արցախի բնակչությունը, և որքան առաջնային է ավելացումը՝ հաշվի առնելով անվտանգության սպառնալիքները:

Արցախում բնակչության նոսրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Առաջին․ քանի դեռ Հայաստանի բնակչությունը չի ավելանում, դժվար է պատկերացնել, որ Արցախի բնակչության թվաքանակը կավելանա: Բացարձակ համեմատության մեջ Արցախի բնակչության թվաքանակը 1994-ից հետո ավելանում է, Հայաստանինը՝ նվազում, սակայն Արցախի դեպքում գործում է վերաբնակեցման թիրախային աշխատանքը: Երկրորդ․ քանի դեռ Արցախում բնակվելը տնտեսապես ձեռնտու չէ, չպետք է ակնկալել բնակչության աճ: Կարելի է նշել մի շարք այլ պատճառներ՝ պատերազմական սպառնալիք, կարգավիճակի ոչ հստակ լինելը, միջազգային չճանաչվածություն, ավերված ենթակառուցվածք նախկին ԼՂԻՄ-ից դուրս շրջաններում և այլն:

Ինչպիսին է եղել Արցախի բնակչության թվաքանակը վերջին 200 տարիներին: 1823-ից մինչև 1989 թվականն ընկած ժամանակաշրջանի ժողովրդագրական վիճակը ներկայացնելու համար մենք պետք է վերցնենք նախկին ԼՂԻՄ տարածքը:

Արցախը Պարսկաստանից Ռուսաստանի կազմ է անցել 19-րդ դարի սկզբին: Մինչև 20-րդ դարի երկրորդ տասնամյակը՝ շուրջ հարյուր տարի, Արցախը Ելիզավետպոլի նահանգի կազմում մաս է կազմել Ռուսաստանի ցարական կայսրության: 1918-1921 թվականներին Արցախը եղել է վիճելի Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ 1923-ից ԼՂԻՄ անունով եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում մինչև 1991 թվականը: 1991-ի սեպտեմբերին Արցախը հռչակել է իր անկախությունը նախկին ԼՂԻՄ տարածքում և Շահումյանի շրջանում: Այսօր Շահումյանի շրջանը, որը երբեք չի եղել ԼՂԻՄ կազմում, Ադրբեջանի վերահսկողության տակ է:

1823 թվականին ԼՂԻՄ-ի սահմաններոմ բնակչության թիվը կազմել է ավելի քան 35 հազար մարդ, որից շուրջ 30 հազարը հայեր՝ քրիստոնյաներ, մնացածը՝ մուսուլմաններ՝ թաթարներ և քրդեր:

1897 թվականի ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարի համաձայն՝ ԼՂԻՄ տարածքում բնակչության թիվը ավելացել է գրեթե 4 անգամ՝ հասնելով 130 հազարի: Հայերի թիվը եղել է շուրջ 106 հազար, թաթարներինը՝ ավելի քան 20 հազար: Հայերից և թաթարներից հետո գալիս էր ռուս բնակչությունը:

1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի համաձայն՝ ԼՂԻՄ-ում բնակչության թիվը կազմել է 125 300, որից 111 694-ը՝ հայեր, 12 592-ը՝ թաթար թուրքեր:

1939 թվականի մարդահամարի համաձայն՝ ԼՂԻՄ-ում բնակչության թիվը 150 837 էր, որից 132 800-ը՝ հայեր, 14 053-ը՝ ադրբեջանցիներ, 3 174-ը՝ ռուսներ:

Երկրորդ աշխարհամարտի և Բաքվի քաղաքականության պատճառով ԼՂԻՄ բնակչության թիվը 1959 թվականի մարդահամարի համաձայն՝ կազմեց 130 406, որից 110 053-ը՝ հայեր, 17 995-ը՝ ադրբեջանցիներ:

1970 թվականին ԼՂԻՄ-ում բնակչության թիվը հասավ 1939-ի մակարդակին՝ 150 313, որից 121 068-ը՝ հայեր, 27 179-ը՝ ադրբեջանցիներ:

Նկատելի է ադրբեջանական բնակչության թվաքանակի անշեղ աճն այն դեպքում, երբ հայ բնակչության թիվը գրեթե մնում է անփոփոխ:

1979-ի մարդահամարի համաձայն՝ ԼՂԻՄ-ում բնակչության թիվը 162 181 էր, որից 123 076-ը՝ հայեր, 37 264-ը՝ ադրբեջանցիներ:

1989 թվականի ԽՍՀՄ վերջին մարդահամարը չէր կարող ճշգրիտ լինել, քանի որ արդեն սկսվել էին ազգամիջյան խժդժություններն ու ջարդերը, ժողովուրդների բռնի տեղաշարժերը: 1989-ին ԼՂԻՄ-ում բնակչության թիվը կազմել է 189 085, որից հայերը՝ 145 450, ադրբեջանցիները՝ 40 688 հոգի:

Մեկնաբանել