Արհեստական շնչառության 10 սարք՝ Վրաստանից Հայաստան

Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքի տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ և օտարերկրյա ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության սարք է գնվել և ուղարկվում են Հայաստան։

Հայ-վրացական փակ սահմանի պայմաններում սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

MS-500 տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։

Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ նաև դրամահավաք է սկսվել՝ «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով, որին միանալու պատրաստակամություն են հայտնել մի շարք վիրահայեր։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու են սոցիալապես անապահով խմբերին` հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է դարձել,և շատ ընտանիքների համար սա չնախատեսված, հավելյալ ֆինանսական բեռ է։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Օգանեզովն ասաց, որ այսօր են նախատեսում սկսել դրամահավաքը, միգուցե դիմակների փոխարեն այլ օգնություն տրամադրվի։

Նա պատմեց, որ գաղափարը ծնվեց մի քանի օր առաջ, երբ Հայաստանում կորոնավիրուսի թվերը հասան 600-ի։

«Ամենակարևորն այն է, որ այս ակցիան լինի վարակիչ ու արագ տարածվի մեր հայրենակիցների մեջ, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել համավարակը»,- նշեց «Ալիք Մեդիա»-ի տնօրենը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել